Ո՞ւմ ես փնտրում․․․

    «Ով կին, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտրում»… Հարությունից հետո սրանք Հիսուսի առաջին խոսքերն էին։

 

   Քրիստոսի խաչելությունից երեք օր անց՝ առավոտյան, Մարիամ Մագդաղենացին գալիս է գերեզմանի մոտ՝ Հիսուսի մարմինը օծելու։ Սակայն գերեզմանը դատարկ է գտնում և սկսոմ է լալ, որովհետև այն ամենը, ինչ կարող էր տեսնել, իր կորուստն էր։ Երբ մենք ինչ-որ բան ենք կորցնում, այն փնտրում ենք այնտեղ, որտեղ թողել ենք վերջին անգամ՝ ակնկալելով այն գտնել հենց այդտեղ։ Այդպես էր կարծում նաև Մարիամը։ Նա լացով փնտրում էր իր կորուստը։ Սակայն ի՞նչ էր փափագում գտնել. Քրիստոսի մահացած մարմինը։

 

   Ունե՞նք մենք այսօր կորուստ։ Այո՛։ Կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը, սիրելի մարդկանց, մեր երազանքները, իրար նկատմամբ հարգանքն ու հանդուրժողականությունը, սերը… Այս ամենի հետ միգուցե կորցրել ենք նաև Քրիստոսին։ Իսկ կորցնել Քրիստոսի հետ կենդանի հարաբերությունները, նշանակում է կորցնել ամենակարևորը` հույսը, հավատը և սերը։ Ինչպե՞ս ենք վերաբերվում մեր կորցրածին։ Արդյո՞ք մենք էլ ենք արցունքներով փնտրում այն, ինչ կորցրել ենք։ Արդյո՞ք Մարիամի չափ փափագում ենք գտնել այն։ Կգտնի նա, ով արցունքներով է փնտրում։ 

 

   

     Ո՞ւմ կամ ի՞նչ ենք փնտրում…

   Աստվածաշունչն ասում է. «Բայց դուք նախ խնդրեցե՛ք Աստծո թագավորությունը և Նրա արդարությունը…» Մատթ. 6.33։ 

 

   Ուրեմն, նախ եկեք արցունքներով և լացով փնտրենք Աստծուն, որովհետև Նա պետք է սրբի մեր արցունքները և դրանք փոխարինի ուրախության արցունքներով։ Աստված պիտի հանի մեր քուրձը և գոտեպնդի ուրախությամբ։ Չտրտնջանք ամպամած և խավար օրերի համար, որովհետև դրանք անհրաժեշտ են՝ մեզ խոնարհեցնելու, մեր մեղքերը տեսնելու, Քրիստոսի հավիտենական սերը գտնելու համար։ 

 

   Քրիստոսը գերազանցում է մեր ակնկալիքները: Մարիամը փափագում էր գտնել մահացած Քրիստոսի մարմինը, սակայն գտնում է կենդանի Քրիստոսին։ Այդպես է նաև մեր կյանքում։ Մեր մահացած երազների, հույսերի ու հավատի փոխարեն Աստված մեզ տալիս է Հարություն։ Տերը մոտ է բոլոր նրանց, ում սիրտը կոտրված է…

    Այժմ հարցը քեզ է ուղղված.

   - Ինչո՞ւ ես լալիս. ո՞ւմ ես փնտրում։ 

Լիլիթ Անտոնյան