Վա՜յ ձեզ, կո՛ւյր առաջնորդներ, որ ասում եք. «Ով տաճարով երդվի՝ մի բան չէ, բայց ով տաճարի ոսկով երդվի, նա պարտական է»: Հիմարնե՛ր և կույրե՛ր, ո՞րն է ավելի մեծ, ոկի՞ն, թե՞ տաճարը, որ սրբացնում է ոսկուն: Եվ՝ «Ով որ զոհասեղանով երդվի՝ մի բան չէ, բայց ով նրա վրայի պատարագով երդվի, պարտական է»: Հիմարնե՛ր և կույրե՛ր, ո՞րն է ավելի մեծ, պատարա՞գը, թե՞ զոհասեղանը, որ սրբացնում է պատարագը: Ուրեմն, ով որ զոհասեղանով երդվի, երդվում է նրանով և նրա վրա եղած բոլոր բաներով: Եվ տաճարով երդվողը երդվում է նրանով և Նրանով, ով բնակվում է նրա մեջ: Եվ երկնքով երդվողը, երդվում է Աստծո գահով և նրա վրա նստողով (Մաթ.23.16-22):
Հիսուսը բացահայտում է Իսրայելի հոգևոր առաջնորդների սխալ վարդապետությունը՝ նրանց ոչ միայն կեղծավորներ անվանելով, այլև մեղադրում է հոգևոր կուրության մեջ։ Եթե մինչ այս Տերը մատնացույց էր անում նրանց կողմից ճշմարտությունը միտումնավոր կեղծելու հանգամանքը, ապա այստեղ նկատում է, որ ընդհանրապես անտեղյակ են ճշմարտությանը, չեն տարանջատում կարևորն անկարևորից, հետևաբար հոգևորապես կույր են։ Ճշմարիտ աստվածպաշտությունը ստորադասվում էր սեփական ցանկություններին: Նրանք սիրեցին խավարը, չնայած Լույսը եկել էր աշխարհ։ Տեր Հիսուս Քրիստոսը հիշեցրեց այն խոսքերը, որ Աստված զգուշացրել էր Եսայի մարգարի միջոցով. «Լսելով պիտի լսեք, բայց պիտի չիմանաք, տեսնելով պիտի տեսնեք, բայց չհասկանաք»։
Մենք կարող ենք ընթերցել Աստվածաշունչը, նայել Քրիստոսին և չըմբռնել Ավետարանի իրական նշանակությունն ու նպատակը, քանի որ մեղքը փակում է մեր հոգևոր աչքերը։ Ցավոք, երբեմն փարիսեցիների նման խավարի մեջ մնալու մեր ցանկությունն ավելի մեծ է լինում, քան լույսի մեջ քայլելը։ Հետևաբար, հոգևոր կուրության պատասխանատուն մենք ենք, մեր ցանկություններն ու նախընտրությունները։
Բոլորս ենք հոգևորապես կույր, եթե չկա Աստծո միջամտությունը։ Իսկ այդ միջամտությունը Քրիստոսով է գալիս, Նա է, որ մեզ չի թողնում խավարի մեջ, բացում է մեր աչքերը` տեսնելու փրկությունը, որին արժանի չենք։
Այսօր, երբ աշխարհը վազում է իր ցանկությունների հետևից, իսկ հոգևոր առաջնահերթությունները խեղաթյուրված են, մի պահ կանգ առնենք և անդրադառնանք մեր հոգևոր տեսողությանը, հետևենք ախտանիշներին, ու եթե կույր ենք՝ դիմենք իրական ու միակ բժշկին:
Երբ անկեղծորեն ընդունում ենք մեր հոգևոր կուրությունը, Աստված փոխում է մեր ներքին խավարը լույսի ու բժշկություն է բերում, որի արդյունքում ճանաչում ենք Աստծո կամքն ու ապրում դրանով…
Դու պատրա՞ս ես Քրիստոսի առաջնահերթությունները դարձնել քոնը, որպեսզի կամքդ Աստծո կամքին համահունչ լինի:
Արմեն Միսակյան