«Այս ամենը եղավ, որպեսզի կատարվի մարգարեի խոսքը, որ ասում է. «Ասացե՛ք Սիրոնի աղջկան. ահա՛ քո թագավորը քեզ մոտ է գալիս՝ հեզ և էշի ու էշի քուռակի վրա նստած»։ Մատթ. 21.4-5
Մատթևոս Ավետարանիչը ներկայացնում է Քրիստոսին ոչ այնքան որպես ճիշտ մտածելակերպ կամ բարի վարք սովորեցնող մի բացառիկ անհատի, որքան Տիեզերական տիրակալի, Ով միակն է, որ կարող է փրկել: Նա ներկայացնում է Հիսուսին որպես Թագավոր, ով ծնվեց, ապրեց, Իր քարոզչությամբ հռչակեց Աստծո Արքայության գալուստը, դատվեց, խաչվեց և հարություն առավ՝ որպես հաղթանակած և փառավորված թագավոր: Հիսուսի տիեզերական Արքայի գալուստը խոստացված ու նախասահմանված էր դարերի խորքից։ Այդ օրը նկարագրելիս Զաքարիայի մարգարեության մեջ ասվում է՝ (14.9) Տերը Թագավոր պետք է լինի ամբողջ երկրի վրա և միայն մեկ Տեր պետք է լինի: Հիսուսի մուտքը Երուսաղեմ այդ թագավորին պաշտոնապես ներկայացնելու ծիսակարգն էր։
Մարգարեությունները խոսել էին Իրական Թագավորի գալստի մասին, բայց նաև նշել էին, որ Նա յուրայինների կողմից չի ընդունվելու։ Այդպես էլ եղավ։ Հիսուսը՝ որպես թագավոր չէր համապատասխանում մեղքից կուրացած մարդկության պատկերացումներին… Նա եկավ յուրայիններին, բայց յուրայինները Նրան չճանաչեցին և չընդունեցին: Հիսուսի այս փառավոր ներկայացումից 5 դար առաջ Աստված Զաքարիա մարգարեի միջոցով խոստանում է փրկություն և հստակ նկարագրում է նաև փրկողի կերպարն ու գալստյան ձևը: «Մեծապես ուրախացիր, ով Սիոնի աղջիկ, ահա քո Թագավորը գալիս է քեզ մոտ, Նա արդար ու փրկաբեր է, հեզ, և էշի վրա հեծած, այսինքն էշի քուռակի, ավանակի վրա» (Զաքարիա 9.9):
Ժողովուրդը տոնում էր Արքայի մուտքը, բայց իր սրտում տեղ չէր տալիս միակ Արդարին՝ պարտադրելով սեփական արդարությունը: Ակնկալում էր փրկող առաջնորդի, բայց չգնաց իսկական փրկության ճանապարհով: Թե՛ կրոնաքաղաքական իշխանությունը, թե՛ պարզ ժողովուրդը տեսնում էր Նրան, բայց չէր ճանաչում, փառաբանում էր սեփական պատկերացումներին հարմար թագավորին, ով պետք է իրենց ուզած ազատագրումը բերեր, սակայն իրական օրհնությունների աղբյուրը մերժված էր ի սկզբանե: Երբ այսօր մենք ուրախանում ենք Քրիստոսով, արդյոք պատրա՞ստ ենք հետևորդը լինել Նրա, ով էշով է իր թագադրմանը գնում: Պատրա՞ստ ենք հպատակվել միայն ամբողջական արդարությամբ գոհացող Տիրակալին: Պատրա՞ստ ենք ընդունել, որ կուրացած ենք սեփական «ես»-ի փառքով և քարացած սիրտ ունենք, ու առանց Հիսուսի առջև իրական խոնարհման, Նրա կողմից փրկագնվելու և մեր սրտերում Նրան վայել Թագավորական մուտք ապահովելու հնարավորություն չենք ունենա: Եթե պատասխանը դրական է, ուրեմն կարող ենք ի սրտե գոչել՝ «Օվսա՜ննա և միայն Նրան փառք Հավիտյանս»:
Վեր. Ավետիք Խաչատրյան