Ապրեց ուրիշներին ծառայելու համար. Սառա Քորնինգ

  Կենտրոնական Տորոնտոյից հյուսիս՝ գեղեցիկ անուններ կրող Փարքվուդզ և Փլեզընթ Վյու թաղամասերի միջև, Օնտարիո մայրուղու հարևանությամբ ընկած են Սբ. Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցին, Տորոնտոյի «Հայ կեդրոնը» և Սառա Քորնինգի անվան Ցեղասպանագիտության կրթական կենտրոնը: Վերջինս նվիրված է ցեղասպանագիտության և մարդու իրավունքների ոլորտի հետազոտություններին ու կրթությանը, կոչված է ի պատիվ կանադացի գթության քույր Սառա Քորնինգին, ով գերմարդկային ջանքներով 1922թ. կործանումից փրկեց Զմյուռնիայի (ներկայիս Թուրքիայի Իզմիր քաղաքը) 5000 հայ որբերի: Սա, լինելով Քորնինգի առաքելություններից կարևորագույնը, այնուամենայնիվ, նրա միակ մարդասիրական նվաճումը չէր:

 

 

   Ինչպես փորագրված է նրա տապանաքարին՝ «Ապրեց ուրիշներին ծառայելու համար»:

  Քորնինգը ծնվել է 1872թ. Հարավ-արևելյան Կանադայում, բուժքրոջ դասընթացներ է անցել ԱՄՆ-ում, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին համալրել է ԱՄՆ Կարմիր Խաչի շարքերը: Հայոց ցեղասպանությանն ու դրա արձագանքներին ծանոթացել է կանադական մամուլից: Ինչպես հետագայում նշել է Քորինգի հեռավոր ազգականներից մեկը՝ «նրա կարեկցանքը թելադրված էր գործնական մոտեցմամբ»: 

 

 

  1921թ. Քորնինգը ժամանում է Թուրքիա՝ գլխավորելու Արարատ լեռան ստորոտում գտնվող որբանոցներից մեկը: Հաջորդ տարի քեմալական բանակը գրավում է Զմյուռնիա նավահանգիստը՝ խուճապի մատնելով հույն բնակչությանն ու այնտեղ ապաստանած հայ գաղթականներին: Քորնինգն անդամագրվում է Մերձավոր Արևելքի Նպաստամատույցին (Near East Relief) և Կոստանդնուպոլսում բարձրանում դեպի պաշարված քաղաքն ուղևորվող ամերիկյան ռազմանավերից մեկը:

 

  Տեղ հասնելով՝ նա հիվանդներին ու վիրավորներին խնամելու նպատակով երկու համակիրների հետ միասին հիմնում է հիվանդանոց, որն օսմանյան զորքերը շատ արագ փակել են տալիս: Երկրորդ հիվանդանոցն արժանանում է միևնույն ճակատագրին՝ ավելի ծանր սպառնալիքով: «Դրանից հետո քաղաքը կողոպուտի ենթարկվեց, իսկ հետո սկսեցին հրդեհել այն», - տարիներ անց գրել է Քորնինգը: Հազարավոր մարդիկ զոհ գնացին հրդեհին, իսկ բարեգործական միությունները, այդ թվում՝ Ամերիկյան օգնության կոմիտեն, կազմակերպում են մարդկանց տարհանումը ծովով: Քորնինգը վազում է դեպի ամերիկյան որբանոցներից մեկը և գերմարդկային ջանքերով հավաքում երեխաներին՝ տանելով նավամատույց: Մահվան, հրի և խառնաշփոթի հորձանուտում փրկվում է 5000 երեխա: 

 

 

  Ամերիկյան ռազմանավերով Քորնինգն այս երեխաների հետ ուղևորվում է Հունաստան, որտեղ հիմնում է որբանոց և նվիրվում նրանց կրթությանն ու դաստիարակությանը: Մեզ հասել է մի լուսանկար, որտեղ Հունաստանի բլուրներից մեկի լանջին երեխաները խումբ են կազմել արտասանելու Բ Կորնթացիներին 1.8-ը, որում ասվում է. «Որովհետև, եղբայրնե՛ր, չեմ կամենում, որ չիմանաք այն նեղությունների մասին, որ մեզ պատահեցին Ասիայում: Թե ինչպիսի ճնշման ենթարկվեցինք, մեր կարողությունից շատ ավելի, և նույնիսկ հույսներս կտրել էինք ապրելուց»:

 

  1923թ. Հունաստանի արքա Գեորգիոս Երկորդը Սառա Քորնինգին հրավիրում է պալատ՝ պարգևատրելու պետության բարձրագույն շքանշանով՝ Փրկչի արծաթե խաչով: Հաջորդ տարի Սառան վերադառնում է Թուրքիա և մինչև թոշակի անցնելը տրվում երեխաներին կրթելու և դաստիարակելու գործին: Հանգստի անցնելով՝ վերադառնում է Կանադայի իր հայրական տունը, որտեղ էլ ապրում է մինչև 97 տարեկանը՝ մահանալով 1969թ.: 

 

  Սառա Քորինիգի ամենատարածված լուսանկարներից մեկը պատկերում է մաքրակենցաղ բուժքրոջ հագուստով և ձևավոր գլխադիրով մի գեղեցիկ կնոջ՝ թեթև ժպիտը դեմքին: Հանդարտ և կարեկցող հայացքի խորքում կարելի է նշմարել նրա երկաթյա կամքի փայլը: