Մարդու ամբաստանությունը և Աստծո լռությունը

Եվ Հիսուսը կանգնեց կուսակալի առջև, և կուսակալը հարցրեց Նրան ու ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»: Եվ Հիսուսը նրան ասաց. «Դո՛ւ ասացիր»: Եվ երբ Նա ամբաստանվում էր գլխավոր քահանաներից ու ավագներից, ոչինչ չպատասխանեց: Այն ժամանակ Պիղատոսն ասաց Նրան. «Չե՞ս լսում, թե որքան բաներ են վկայում Քո դեմ»: Եվ Նա ոչ մի խոսք չասաց, այնքան որ կուսակալը շատ զարմացավ: Մատթեոս 27.11-14

 

Եվ քահայանապետը վեր կենալով՝ նրան ասաց. «Պատասխան չե՞ս տալիս, քո մասին ի՞նչ ամբաստանություն են անում դրանք»: Մատթեոս 26.62        

Եվ Հիսուս լուռ էր մնում…

Մարդկանց թվում էր, թե կարո՛ղ են գտնել փաստարկներ և մեղադրանքներ` Հիսուսին դատապարտելու համար:

Այսօր էլ մարդը Հիսուսին մերժելու և սեփական տեսակետը պնդելու բազմաթիվ փաստարկներ է ներկայացնում։ Մարդը շարունակաբար ըմբոստանում է Աստծո խոսքի և կամքի դեմ՝ իր գիտակցության մեջ անընդհատ դատապարտելով Աստծուն և արդարացնելով ինքն իրեն։

 

Մեր միտքը լցված է փաստարկներով։ Մեր «ես»֊ը անընդհատ ըմբոստանում է` իր կամքը և երջանկության սեփական բանաձևը պարտադրելու ցանկությամբ։ Եվ երբեմն Աստծուն հակադրվելու մարդու ըմբոստ մղումը վերածվում է ցնորամտության։

Այդպես էր նաև այն սարսափելի գիշերը, երբ մարդը, օգտագործելով նու՛յն Աստծուց իրեն տրված իշխանությունն ու դիրքը, փորձում էր դատավճիռ կայացնել Նրա դեմ։

 

 

Հիսուսի դեմ ցանկացած հակափաստարկ ամբաստանություն է, սուտ վկայություն։

Հիսուսն այս ամենին պատասխանում էր լռությամբ։

Շատերը գիտեն, թե ի՜նչ սարսափելի է Աստծո լռությունը։

Աստծո լռությունը խաղաղության բացակայություն է, Աստծո լռությունը հույսի բացակայություն է, Աստծո լռությունը մարդու կյանքի համար վտանգավոր ձայների ուժգնացումն է, Աստծո լռությունը խավար է և վախ։

 

Աստծո լռությունը...

Աստծո լռությունը… դատավճիռ է։

Մարդուն թվում էր, թե ինքն է դատավճիռ արձակում Հիսուսի դեմ։

 

Մարդուն թվում է, թե ինքն է վերականգնում խախտված ճշմարտությունը. մարդուն թվում է, թե իր դատարանն է հաստատում կորսված արդարությունը։

Իսկ քե՞զ ինչ է թվում…

Գուցե դու հաճախ հեռվից հետևում ես, թե ինչո՞վ է ավարտվելու մարդու և Ճշմարտոթյան առճակատումը...

Եվ եթե մի օր Աստված կլռի քո կյանքի մեջ, մտածի՛ր, թե ի՞նչ ամբաստանություն կամ սուտ վկայություն ես տվել Ճշմարտության դեմ։ 

Վերապատվելի Գարուշ Անտոնյան