Մարդկության անմտությունը

  «Բայց ինչպես Նոյի օրերում էր, այնպես էլ կլինի Մարդու Որդու գալուստը: Որովհետև, ինչպես ջրհեղեղից առաջվա օրերին ուտում էին և խմում, կին էին առնում և մարդու գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ, և չիմացան, մինչև ջրհեղեղը եկավ ու բոլորին տարավ. այնպես կլինի նաև Մարդու Որդու գալուստը» (Մատթ. 24: 37-39):

 

  Հիսուսն իր երկրային կյանքի ու ծառայության վերջին օրերն էր ապրում: Նա հաստատ ու գիտակցված քայլերով շարժվում էր դեպի Գեթսեման ու դեպի Գողգոթա: Այդ ճանապարհին խոսում էր վերջին ժամանակների ու դրա գագաթնակետը հանդիսացող՝ Իր երկրորդ գալստյան մասին: Մինչ այդ, շեշտելով սպասվելիք մեծ նեղությունները, Տերն Իր երկրորդ գալուստը ներկայացնում էր, որպես վախճանաբանական ամենակարևոր իրադարձություն: Այն ոչ միայն մարդու, այլ նաև ամբողջ տիեզերքի ու ստեղածագործության համար է վերջնակետ: Այն Աստծո գործի ու ծրագրի վերջին ու որոշիչ փուլն է՝ վերջնական դատաստանը չարի և ամեն շնչավոր ու անշունչ արարծի հանդեպ:  

 

  Եվ ահա այս համատեքստում Հիսուսը վշտացած խոսում է աշխարհի անուղղելի հիմարության մասին: Նա ցավով բարձրաձայնում է մարդկության հոգևոր իրականությունից կտրված և Աստծո գործին բացարձակ անտեղյակ լինելու, ու իրենց սպասվող իրականությունը չգիտակցելու մասին:

 

  Հիսուսն իր խաչի ճանապարհին կարծես գոռում է համատարած կուրության ու հիմարության մասին: Աստծո ստեղծագործության պսակը՝ մարդը, հավաքական իմաստով հիմարացած ու խորը թմբիրի մեջ է՝ արբած մեղքի թույնից: Մարդկությունը թմրած է աշխարհի առաջարկած ժամանակավոր ու խաբուսիկ վայելքներից և կուրացած՝ սեփական կայսրությունը կառուցելու մոլուցքից: Մարդն իր սրտի ցանկություններն ու կուրացած մտքի նպատակները հետապնդելով, սեփական մոլագառության գերին է դարձել, որը չի թողնում տեսնել իրականությունը:

 

  Հիսուսն այդ մասին է խոսում: Այդպես էր Նոյի ժամանակներում: Այդպես կլինի նաև վերջին օրերում: Ինչպես Նոյի ժամանակ մարդկությունը չնկատեց ու չտեսավ ինքն իրեն, իր վիճակը, իր մեղքը, (չնայած ժամանակ էր տրված կառուցվող տապանը տեսնելու), այնպես էլ վերջին օրը մեծամասնությունը չի տեսնելու ինքն իրեն ու Աստծո Տապանը՝ Քրիստոսին: 

 

  Բայց նույնիսկ այս իրավիճակում Ավետարանի պատգամը անփոփոխ է: Հիսուսն այս խոսքերն ասում է խաչի ճանապարհին: Խաչ, որը փրկության շնորհն է հեղում ամբողջ մարդկության համար և աստվածային հույսի բարի լուրն է ավետում: Հայր Աստծո կողմից Քրիստոսով շնորհված փրկության Տապանի դուռը բաց է մինչև վերջին ժամը...

  Գլխավոր հարցը այս է՝ որտե՞ղ եմ ես հիմա. թմրած մարդկության շարքերու՞մ, թե՞ տապանի մեջ: 

Պատվելի Արամ Բաբաջանյան