Հարություն Կալենց

  20-րդ դարի հայկական գեղանկարչության մեջ իր ուրույն տեղն ունի Հարություն Կալենցը, ում արվեստն իր ինքնատիպ մտահղացումերով և լուսավոր ու ազնիվ գույներով խիստ տարբերվում է իր ժամանակաշրջանի նկարիչների թե՛ մտածելակերպից, թե՛ իր գունային ներդաշնակությամբ:

 

  «1910 թվականին ծնվեց Կալենցը Սեբաստիո նահանգի Կյուրին գյուղաքաղաքում Զատկի խթումի գիշերը, և որոշվեց անունը դնել Հարություն: Հայտնի չէ՝ 1910 թվականին երբ էր գարնանամուտը և երբ Զատկվա օրը, միայն Հարության տոնի հետ կապված մեծ հայրիկը խանդավառված գոչել էր. «Հարություն եկավ մեր տուն»: Ինչպես բազամթիվ հայ ընտանիքներ, որ դարեր շարունակ տեղահանվել և կտրվել են իրենց արմատներից, այդպես էլ Կալենցենց «ընտանիքի ներսում պատմում էին, որ Անիից գաղթած ազնվական ընտանիք են եղել...»: Իսկ Կալենց անգանունն իրենց անգանվան ձևափոխված տարբերակն է, որը տարիներ անց ընտրել էր ինքը՝ Հարություն Կալենցը:

 

 

  Եկավ մահաշունչ 1915 թվականը, որը հազարավոր արևմտահայ ընտանիքների պես սրբեց ու տարավ այս ընտանիքը ևս: Մինչև իր կյանքի վերջին օրերը Կալենցը դառնորեն հիշում էր գաղթի դաժան ճանապարհը, ծնողների կորուստը, որբանոցի վերմակի տակ թափած իր և հազարավոր որբերի դառը արցունքները:

 

  Հալեպում «Բողոքական համայնքի հայերն ամերիկյան հովանավորության տակ հիվանդանոցներ և որբանոցներ էին բացել ու ինչքան հնարավոր էր հավաքում էին որբերին ու գաղթականներին և օգնում նրանց: Ծանր էր որբանոցի կյանքը: Այդ խառնիճաղանջ ամբոխին՝ կիսավայրենացած, սովալլուկ երեխաներին, ովքեր թշվառության բոլոր տեսակի բովերից անցել էին, պահելն ու կերակրելը դժվար հարց էր»: 

 

  Դեռ որբանոցի տարիներից Հարությունը սիրում էր նկարել: Նրա բնորդները շատ տարբեր մարդիկ էին՝ հիմնականում Հալեպի արևելյան շուկայի գնորդներ ու վաճառողներ: Տարիներ անց Լիբանանում և Սիրիայում նա արդեն ճանաչված ու սիրված նկարիչ էր:

 

 

  1947 թվականին Հարություն Կալենցը եկավ Հայաստան: «Ծանրաբեռնված «Ռոսիա» նավը երեք հազար մարդ միանգամից բերում էր Հայրենիք: Նավի կամուրջներից մինչև ներքնահարկերը լի էին մարդկանցով»: 

 

  «Մասիսը… Արարատը», - սկզբում շշուկով, հետո երկյուղածությամբ, աղոթքի նման տարածվեց հոգուց բխած այդ վաղեմի կանչը, ամբողջ գնացքով մեկ ծավալվեց, դուրս կանչեց հայերին, ովքեր մեկը մյուսի գլխի վրայից դիտում էին այդ վեհասքանչ տեսարանը: Կարոտի ծանր, ճնշող կարոտի այդ սպիտակահեր երազ գագաթներն ինչ-որ արքայական, աստվածային բան ունեն իրենց մեջ: 

  Արդյո՞ք դու չես, Բիբլիակա՛ն Արարատ, որ շարունակ մեզ կանչում ես քո փեշերի շուրջը՝ ստիպելով վստահել և հավատալ քեզ...»:

 

 

  Եվ սկսվեց Կալենցի կյանքը Հայրենիքում, որտեղ բազմաթիվ սոցիալական ծանր խնդիրների հետ կային նաև գաղափարական մեծ ճնշումներ: Կյանքի փոթորիկներին նա պատասխանում էր իր կտավների վառ գույների ներդաշնակությամբ, կարծես ուզում էր ասել, պատմել ու ճչալ գեղեցիկի, ազնվության ու սիրո մասին: 

 

  Նա նկարիչ էր սուր աչքով, ով տեսնում էր բնորդի և՛ լավ, և՛ վատ կողմերը, տեսնում էր մարդուն այնպիսին, «ինչպիսին որ կա»: Կալենցի արվետսն ինքնատիպ է, քանի որ նկարել է և՛ սրտով, և՛ խելքով: 

 

  ...Կալենցը բնատուր արվեստագետ և սիրո, գեղեցկության աննման և կատարյալ երգիչ էր, ում կարող են ընդունել բոլոր ազգերը: