Անկեղծ սրտերում փառաբանվողը

  Երբ գլխավոր քահանաներն ու դպիրները տեսան Նրա արած հրաշքները, և մանուկներին, որ տաճարի մեջ աղաղակում էին ու ասում«Ովսա՜ննա Դավթի Որդուն»՝ զայրացանև ասացին Նրան«Լսո՞ւմ ես, դրանք ի՞նչ են ասում»։ Եվ Հիսուսը նրանց ասաց«Այո՛, դուք երբեք չե՞ք կարդացել, թե«Մանուկների ու ծծկերների բերանով օրհնություն կատարեցիր» (Մատթ 21.15-16)։

 

  Փառաբանությունը մեր աստվածճանաչողության և Աստծո հետ ունեցած խորը մտերմության արդյունքն է։ Անկեղծ սրտից փառաբանությունը բխում է միայն այն դեպքում, երբ գիտակցում ես, թե ո՞վ է Փառաբանվողը, ինչպիսի՞ մեկն է Նա և ի՞նչ հարաբերության մեջ ես Նրա հետ։

 

«Եվ Բանը մարմին եղավ և մեր մեջ բնակվեց, և մենք Նրա փառքը տեսանք, որպես Հոր Միածնի փառքը՝ շնորհով և ճշմարտությամբ լեցուն» (Հովհաննես 1.14)։ Պողոս Առաքյալն ասում է, որ Նա՝ այսինքն Հիսուս Քրիստոսը, աներևույթ Աստծո պատկերն է, և Աստված ցանկացավ, որ Նրա մեջ Աստվածության բոլոր լիությունը բնակվի (Կողոսացիներին 1.15-16)։

 

 

  Տեր Հիսուս Քրիստոսի մարդեղացումը բոլոր ժամանակների համար անբացատրելի է։ Աստված բնակվեց ֆիզիկական մարմնի մեջ, մեզ պես եղավ, որպեսզի մեզ դեպի Իրեն առաջնորդի։

 

 Փառաբանվողը թողեց Իր փառքը, անփառունակ մարմին հագավ՝ մեզ՝ Իր փառքից ընկածներիս, նորից Իր փառքին արժանացնելու, Իրեն մոտենալու հնարավորություն տալու համար:

 

  Փառաբանվողը՝ նույն Ինքը, մեր սրտերի Տերն է, ով փրկագնեց մեզ Իր Որդու արյունով, կանչեց մեզ անկեղծ սրտով և մաքուր խղճմտանքով Իրեն հետևելու։ Երանելիների շարքում Տեր Հիսուսն առանձնացնում է մաքուր սիրտ ունեցողներին, ովքեր Աստծուն տեսնելու խոստում ունեն։ Աստված, Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, մաքրում է բոլոր Իրեն հուսացողների սրտերը և հաշտեցնում Իր հետ։

 

  Տաճարում աղաղակող երեխաների փառաբանությունը՝ անկեղծ սրտից եկող աղաղակ էր՝ ուղղված Դավթի որդուն, որը աննկատ չմնաց ոչ միայն քահանայապետների ու դպիրների կողմից, այլև՝ Հիսուս Քրիստոսի։

 

  Աստծո հետ նմանօրինակ մտերմության տեսանելի վկայությունը մեր շուրթերից վեր բարձրացող անկեղծ սրտի գովաբանությունն է առ Աստված կյանքի բոլոր իրավիճակներում, քանի որ Նա փրկեց և կանչեց մեզ՝ մեր սրտի խորքից Իրեն գոհություն մատուցող կյանք ապրելու համար։

  Իսկ այժմ խորհի՛ր՝ ո՞վ է Փառաբանվողը, ինչպիսի՞ն է Նա և ի՞նչ հարաբերության մեջ ես Նրա հետ։

Վերապատվելի Հովհաննես Հովսեփյան