Ավետ Տերտերյան

  Անվանի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանը ծնվել է Բաքվում, որտեղ անցել են նրա մանկության և պատանեկության տարիները։ Այդ տարիներին Տերտերյանների տունն առանձնանում էր մեծանուն արվեստագետների համար իր հյուրընկալությամբ։ Նրանց տանը հաճախ էին կազմակերպվում երաժշտական երեկոներ, որոնց իր մասնակցությունն էր բերում հայրը, ով մասնագիտությամբ բժիշկ էր, բայց միևնույն ժամանակ լավ երգիչ էր։ Ընտանեկան միջոցառումներին մասնակցում էր նաև մայրը, ով թեև չուներ երաժշտական կրթություն, սակայն աչքի էր ընկնում իր վոկալային տվյալներով։ Ծնողների մեծ սերը երաժշտության հանդեպ փոխանցվում է նրանց երկու որդիներին։ Չնայած նրան, որ պատանի Ավետը, բացի երաժշտությունից, մեծ սեր ուներ նաև դեպի թատրոնն ու գրականությունը, այնուամենայնիվ, նախապատվությունը տալիս է երաժշտությանը։ Մասնագիտության մեջ իր որոշումը կայացնելուց հետո՝ Ավետ Տերտերյանը տեղափոխվում է Երևան, որտեղ և սկսվում են նրա մեծ որոնումներն ազգային երաժշտության մեջ։ 

 

  Երևանում Տերտերյանն ընդունվում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, որտեղ աշակերտում է Էդվարդ Միրզոյանին։ Այդ տարիներից սկսած՝ նա սկսում է ստեղծագործել։ Նախնական շրջանում նա ստեղծագործում էր հիմնականում վոկալ երաժշտական գործեր՝ ռոմանսներ, նաև գործիքային ստեղծագործություններ։

 

 

  Նա երաժշտություններ է գրել մեծանուն գորղներ Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Շիրազի, ինչպես նաև Եղիշե Չարենցի ստեղծագործությունների հիման վրա։ Սովորելու տարիներին Ավետ Տերտերյանի մեջ ցանկություն է առաջանւմ նորովի ներկայացնելու ազգային և հոգևոր երաժշտությունը։ Այդ ցանկությունից դրդված՝ նա ստիպված է լինում մեկուսանալ շրջապատից։ Այդ ժամանակաշրջանում հայրենասիրական թեմայով ստեղծագործությունները հաջորդում են մեկը մյուսին։

 

  Նրա ստեղծագործություններում առկա են գաղափարական, հոգեբանական սուր գծեր, կրքերի ուժգին բախումն ու հույզերի բացահայտ պոռթկումը։ 

  Ավետ Տերտերյանը խոստովանել է, որ իր ստեղծագործական վերածնունդը եղել է «Կրակե օղակ» օպերայից հետո։ Երաժշտաթատերական ոլորտում նրա գեղարվեստական նվաճումներից է նաև «Երկրաշարժ» օպերան։

 

  Նրա կյանքում շրջադարձային է լինում նաև 1969 թվականը, երբ ստեղծվում է իր առաջին սիմֆոնիան։ Չնայած նրան, որ ստեղծագործությունն իր յուրահատկության պատճառով արժանանում է շատ քննադատությունների, կոմպոզիտորը, սակայն, չի ընկճվում, այլ ընդհակառակը՝ նա իր ստեղծագործական յուրահատկության վրա կերտում է իր նոր ոճը։

 

  Նա իր սիմֆոնիաներում ներառել է՝ երգեհոն, բաս կիթառ, չմշակված երգչական ձայն,  զուռնա և դուդուկ, ալիատորիկայի սկզբունք /երբ հնչյունների տևողությունը որոշում է դիրիժորը/, քամանչա, մոգնիտոֆոնային ձայնագրություն, դափ։

 

  Ավետ Տերտերյանն իր ստեղծագործական կյանքի տարբեր շրջաններում երաժշտություն է գրել կինոյի և դռամատիկական ներկայացումների համար։

  Նրա ստեղծագործությունը կոչ է յուրաքանչյուր հայ արվեստագետի՝ հավատարիմ մնալու ժողովրդական և հոգևոր ակունքներին։ 

Նյութի հեղինակ՝ Անի Հաջինյան