Զգո՛ւյշ եղեք, որ չտագնապեք

  Եվ դուք լսելու եք պատերազմներ և պատերազմների լուրեր զգո՛ւյշ եղեք չտագնապեք (Մատթեոս 246)։

 

  Պատերազմներ, բնական աղետներ, տարբեր արհավիրքներ, համաճարակներ․․․ սա այն է, ինչի մասին լսում ենք ամեն օր։ Պատերազմի ձայները լսելի են ամբողջ աշխարհով, քանի որ ամեն մի ճակատամարտ խառնաշփոթ ու աղմուկ է ստեղծում։ Այն խոցում և ճմլում է մարդու սիրտը՝ անդարձ կորցնելով խաղաղության ու հույսի վերջին նշույլները։ Եվ որքան օրերն առաջ են գնում, այնքան ժամանակներն ավելի ու ավելի չար են դառնում։ Մի աղետի վերջը դառնում է մյուսի սկիզբը։ Թվում է, թե աշխարհը խելագարվել է իր իսկ պտույտից և ճչում է խենթացած կնոջ նման, ով կորցրել է իր հանգստությունը և այլևս այն վերագտնելու հույս չունի։

 

  Այս բոլոր արհավիրքների մասին Քրիստոսը խոսել է դեռևս հազարամյակներ առաջ։ Զգուշացնելով դրանց անխուսափելիության մասին՝ վերջում ավելացրել է՝ զգուշացե՛ք, որ չտագնապեք։

  Այս ամենին նայելով ինչպե՞ս կարելի է չտագնապել։

 

 

  Կարելի է, եթե մեր հույսն Աստված է։ Հիշենք, որ Քրիստոսն իր ծնունդով խաղաղություն բերեց տագնապած աշխարհին։ Հիշենք, որ որքան շատ են դժվարությունները, այնքան մեծ է գալիք փառքը։ Հիշենք, որ նեղ դռան վերջում լույս և փրկություն կա։ Թերևս մենք էլ, Դավիթ թագավորի նման, սկսենք երգել «Տերն իմ լույսն է ու փրկությունը, ես ումի՞ց պիտի վախենամ»։ Դավիթը, ով չորս կողմից շրջապատված էր թշնամիներով,  Աստծուն էր վստահում։ Նա շատ լավ գիտակցում էր, որ այս աշխարհում չկա ապահով տեղ, այլ միայն Աստծո փեշերի տակ։ Դրա համար էլ ասում է «Ինձ քո խորանի գաղտարանում թաքցրու»։ Մարդն ինչ չափով որ մոտենում է Աստծուն, նույն չափով էլ դադարում է ինչ-որ բանից վախենալ։

 

  Ուրեմն՝ մեզ պետք է մոտենալ Աստծուն, թաքնվել Աստծո խորանում, որովհետև Աստված սեր է, իսկ սիրո մեջ վախ չկա։ Աստված մի օր էլ պիտի սաստի մեր կյանքի փոթորիկները, և խաղաղության աղավնին պիտի սավառնի մեր երկնքում։ Իսկ Աստծո խոսքն այսօր ասում է քեզ «Սպասի՛ր Տիրոջը, քա՛ջ եղիր, ու Նա կզորացնի քո սիրտը։ Դարձյալ եմ ասում՝ Տիրոջը սպասիր»։

Լիլիթ Անտոնյան