Եղիշե Չարենցի հուշարձանը (քանդակագործ՝ Նիկողայոս Նիկողոսյան) գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում, Ռադիոտան դիմաց: Տեղադրվել է 1985 թ․։ Հուշարձանը բազմաֆիգուր կոմպոզիցիա է, որի մի կողմում բխում են 40 աղբյուրներ, որոնք խորհրդանշում են Չարենցի ապրած տարիները, իսկ մյուս կողմում բարձրանում է հավերժական կրակով հուշասյունը, որի վրա փորագրված են Չարենցի բանաստեղծության հետևյալ տողերը. «Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական»։
Երվանդ Քոչարի «Մելամաղձություն» արձանը գտնվում է Երևանում՝ Փավստոս Բուզանդի փողոցում` Նորարար փորձառական արվեստի կենտրոնի դիմաց: Այն տեղադրվել է 2003 թ-ին, մինչդեռ արձանի գիպսե տարբերակը Քոչարը կերտել է 1957 թվականին։ Հոյակերտ այս արձանը պատկերում է ժամանակակից քաղաքակրթությունը, նրա նվաճումները, մարդու ֆիզիկականի և ներքին էության աստիճանական վտանգավոր այլափոխումը, մարդու օտարումը բնությունից։ Այն դասվել է աշխարհի ամենատարօրինակ հուշարձանների շարքին:
Սասունցի Դավիթ արձանի հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետը՝ Միքայել Մազմանյանը։ Տեղադրվել է 1959 թվականին, Սասունցի Դավթի հրապարակում, երկաթուղային կայարանի առջեւ՝ փոխարինելով 1939 թվականից տեղադրված գիպսե տարբերակին։ Դավթի մարմինը շարժման մեջ է՝ պատրաստ մարտի: Նրա հեքիաթային ձին՝ Քուռկիկ Ջալալին, ծառս է եղել հսկայական բազալտե ժայռի վրա: Սմբակների տակ, ժայռի անկյունում բրոնզե թասն է՝ հայ ժողովրդի համբերության խորհրդանիշը:
Ասում են, երբ Քոչարին հարցրել են, թե ինչո՞ւ է արձանի պատվանդանը փոքր, վարպետը պատասխանել է․
- Երբ Արևմտյան Հայաստանը նորից մերը կլինի, այն ժամանակ էլ պատվանդանը կմեծանա․․․
Անդրանիկ Օզանյանի հուշարձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պողոտայում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի մոտակայքում։ Այն տեղադրվել է 2002 թվականին։ Քանդակագործը ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազն է, ճարտարապետը՝ Ասլան Մխիթարյանը։ Հուշարձանի երկու ձիերը խորհդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները։