Հայկական զարդագրեր

  Հայոց ինքնատիպ այբուբենը հայ միջնադարյան նկարիչներին ներշնչել է հորինել այլ ժողովուրդների տառերի ձևավորումներից խիստ տարբեր զարդագրեր։ Հայ գրքարվեստում տառերը զարդարելու փորձերը սկիզբ են առել 10-րդ դարից։

 

  Միջնադարի հայ ծաղկողների ստեղծագործական վառ երևակայության և վարպետության շնորհիվ դարերի խորքից մեզ է հասել գեղանկարչական հարուստ ժառանգություն՝ հազարավոր գրչագիր մատյանների զարդատառերը։ Ընդ որում, դրանք գործածվել և շարունակում են կիրառվել ոչ միայն իբրև անվանաթերթի սկզբնատառեր, այլև որպես պարբերությունների սկզբի տառեր։

 

    Զարդատառերը, ձևավորման եղանակից ելնելով, բաժանվում են մի քանի տեսակների։

  Ծաղկագրերը, որոնք մյուս տառերի համեմատությամբ առավել պարզ նկարագիր ունեն, կազմված են ծաղիկներից և այլ բույսերից։ Զարդատառերի ավելի բարդ տեսակն են Հանգուցագրերը, որոնց ձևավորման մեջ մեծ տեղ են գրավում  զանազան հյուսվածքներն ու հանգույցները։

 

 

  Հայկական մանրանկարչությանը նվիրված գրականության մեջ կարելի է հանդիպել Թռչնագիր, Ձագագիր կամ Ճնճղագիր անվանումներին, որոնք վերաբերում են տարբեր թռչուններով զարդարված տառերի։ Վիշապագիր անվան տակ միավորում են օձերի, վւշապների և այլ առասպելական կենդանիների տեսքով տառերը։

 

  Հայկական ձեռագրերի էջերում հանդիպում են մարդկանց փոքր կերպարանքներից հորինված տառեր, որոնք կոչվում են մարդագրեր։ Մարդագրերը, վիշապագրերը և թռչուններով ձևավորված տառերը երբեմն միավորում են Կենդանական կոչվող ընդհանուր խորագրի ներքո։ Կենդանիներից բացի, զանազանում են նաև զարդատառերի Գազանագիր տեսակը, որը կազմված է տարբեր կենդանիներից՝ վագրերից, առյուծներից, եղնիկներից և այլն։

 

  Հայկական զարդագրերը շարունակում են հետաքրքրել ուսումնասիրողներին՝ պահպանելով իրենց գեղագիտական արժեքը։ Անցյալի այդ հոյակապ ժառանգությունն անգամ այսօր մեծ չափով շարունակում է գործածվել գեղարվեստական գրականության, դասագրքերի, ուղերձների, հրավիրատոմսերի ձևավորման մեջ։