Գյուղական կյանքը

   Երբևէ մտածե՞լ ես, թե ինչպես են հին ժամանակներում մարդիկ ապրել գյուղում, ինչո՞վ են զբաղվել, ինչպե՞ս են հողը մշակել և այլ գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։ Աստվածաշնչում շատ պատմություններ և առակներ կան, որոնց մեջ նշվում են գյուղատնտեսության կամ հողագործության մասին։ Սակայն որպեսզի ավելի լավ հասկանաս, թե խոսքն ինչի մասին է, քեզ համար փոքրիկ նյութ եմ պատրաստել։ Վստահ եմ՝ շատ հետաքրքիր և նոր բաներ կսովորես։

 

   Եվ այսպես, Հին Կտակարանի ժամանակաշրջանի գյուղն ընդամենը անպարիսպ գյուղատնտեսական բնակավայր էր։ Գյուղերը կառուցվում էին գետի կամ ջրհորի մոտակայքում, որոնք ամբողջ տարին գյուղն  ապահովում էին ջրով։ Երբ մարդիկ որոշ կենդանիների ընտելացրեցին և սկսեցին բերք աճեցնել, նախընտրեցին մնալ մի տեղում, քան թե անընդհատ տեղափոխվել։ Երիքովի բնակիչները հողագործությամբ էին զբաղվում՝ օգտագործելով բրիչներ, կացիններ, փորիչներ։ Այդ ժամանակահատվածում կային միայն գյուղեր, քաղաքներ չկային։

 

 

 

   Քաղաքներ (ընդարձակ բնակավայրեր) հիմնելու հնարավորություն եղավ գութանի բրոնզե խոփի հայտնագործությամբ (Քա 4000 թ հետո), երբ աճեց սննդի արտադրությունը։ Քաղաքները երևան եկան որպես նստակյաց և քոչվոր ժողովուրդների միջև ջրի պաշարներին տիրանալու համար պայքարի միջոց։ Հետևաբար քաղաքները սկսեցին կառուցվել որպես քաղաքակրթության պաշտպանված կենտրոններ։ Խաղաղ ժամանակներում մարդիկ գյուղերում էին ապրում, սակայն հարձակումների սպառնալիքի դեպքում նրանք հավաքվում էին քաղաքում, որտեղ ավելի ապահով էր։ Դաշտերում աշխատելու նպատակով բնակչությունն ամռան ամիսներին ևս հեռանում էր քաղաքից և հաստատվում գյուղում։

 

   Հին Կտակարանի վաղ ժամանակաշրջանում համարյա յուրաքանչյուր գյուղացի հողագործ էր, որը զբաղվում էր կեցության համար անհրաժեշտ ամեն ինչ աճեցնելով։ Նրանք պահում էին ոչխար, այծ, կով, որոնց շնորհիվ սննդամթերք, ինչպես նաև հողի համար պարարտանյութ էին ստանում։ Տարվա աշխատանքները որոշվում էին տարվա եղանակների փոփոխության համաձայն։ Խոնավ եղանակին՝ հոկտեմբերից ապրիլ, հերկում էին ու ցանում (ձեռքով, կողովի միջից), տափանում ու քաղհանում։ Հետո սկսվում էր հունձը, սկզբում՝ վուշի, ապա՝ գարու (ապրիլ - մայիս), իսկ հետո՝ ցորենի։ Որթատունկերի վրա տարվող աշխատանքը սկսվում էր գարնանը՝ էտելու հետ միասին կախ ընկած ճյուղերի տակ պետք էր հենակներ դնել։

 

 

 

   Կանայք ամեն օր հաց էին թխում։ Սկզբում հացահատիկը կոպիտ ալյուրի էին վերածում (բավականին դժվար մի գործ), ապա այն խառնում էին աղի ու ջրի հետ, որպեսզի խմոր ստանան։ Երբեմն խմորի այդ զանգվածին էին խառնում նախորդ օրը հունցած խմորի մի կտոր և մինչև թխելը թողնուն, որ թթվի։

 

 

   Ամենօրյա մեկ այլ կարևոր գործ էր աղբյուրից կամ ջրհորից ջուր բերելը։ Միայն մի քանի տներ ունեին իրենց սեփական ջրհորը կամ ջրապահպանման ստորգետնյա պահեստարանը։ Կանայք ջուրը տուն էին տանում ծանր սափորներով՝ գլխին կամ ուսին դրած։ Արևածագից մինչև արևամուտ միշտ էլ անելու շատ բան էր լինում կաթից պետք էր մածուն կամ պանիր պատրաստել, բուրդը մանել ու գործել։ Կանայք դաշտի աշխատանքներն ամբողջությամբ տղամարդկանց ուսերին չէին թողնում։ Բոլորն էլ մասնակցում էին բերքահավաքին և խաղողն ու ձիթապտուղը ճզմելու աշխատանքներին։ Աշխատանքային օրն ավարտվում էր արևամուտին, և ամբողջ ընտանիքը հավաքվում էր օրվա հիմնական կերակուրը ճաշակելու։