Տատիկս սովորություն ուներ Սուրբ Ծննդյան գիշերը մեզ տարբեր հետաքրքիր պատմություններ պատմել։ Հիշում եմ, թե ինչպես էինք նստում նրա ոտքերի մոտ և ուշադիր լսում։ Այժմ ցանկանում եմ քեզ պատմել այդ պատմություններից մեկը։ Դե՜, հարմար տեղավորվիր և ուշադիր լսիր։
Տարիներ առաջ մեր գյուղում մի փոքրիկ ընտանիք էր ապրում, անմիջապես մեր տան կողքին։ Տան մայրը շատ բարեպաշտ կին էր, սակայն ամուսինը չէր հավատում Աստծուն, և Սուրբ Ծնունդը նրա համար պարզապես հիմարություն էր: Նա բարի ու կարգապահ մարդ էր, առատաձեռն՝ իր ընտանիքի հանդեպ, և ազնիվ՝ այլոց հետ հարաբերություններում: Բայց նա չէր հավատում այն ամենին, ինչ Սուրբ Ծննդյան տոնին ասվում էր եկեղեցում:
«Ես չեմ ուզում վշտացնել քեզ,- ասաց նա իր կնոջը, - բայց ես ուղղակի չեմ կարող հասկանալ, թե այդ ինչպես է Աստված մարդ դարձել: Ինձ համար դա անմտություն է»:
Սուրբ Ծննդյան տոնի երեկոյան նրա կինն ու երեխաները եկեղեցի գնացին՝ գիշերային ավետմանը մասնակցելու: Նա հրաժարվեց նրանց հետ գնալ: «Ես ինձ կեղծավոր կզգամ,- բացատրեց նա,- ավելի լավ է տանը մնամ ու ձեզ սպասեմ»:
Առատ ձյուն էր տեղում: Տղամարդը բուխարու մոտ նստած թերթ էր կարդում: Որոշ ժամանակ անց նա ցնցվեց խուլ թակոցից: Հետո դրանք կրկնվեցին: Նրան թվաց, թե ինչ-որ մեկը ձնագնդիներ է նետում պատուհանին: Երբ դուռը բացեց, որ տեսնի՝ ինչ ձայներ են, տեսավ ցրտից կծկված թռչունների մի խումբ, որոնք փորձում էին պատուհանից ներս մտնել՝ պատսպարվելու հույսով:
«Չեմ կարող թույլ տալ, որ խեղճ թռչունները սառչեն,- մտածեց նա,- բայց ինչպե՞ս օգնեմ նրանց»: Եվ նա հիշեց ցախատան մասին, որտեղ թռչունները կարող էին պատսպարվել: Արագ հագավ վերարկուն, ճտքավոր կոշիկներն ու ձյան միջով դեպի ցախատուն շտապեց: Նա լայն բացեց դռներն ու լույս վառեց, սակայն թռչուններն այնտեղ չգնացին:
«Ինչ-որ կերպ պետք է գրավել նրանց ու այստեղ բերել»,- մտածեց նա: Արագ վազեց տուն, հաց բերեց, փշրեց այն ու շաղ տվեց դեպի ցախատուն տանող ճանապարհին, սակայն ապարդյուն, թռչունները շարունակեցին ձյան մեջ կծկված մնալ: Նա փորձեց նրանց ներս քշել՝ նրանց շուրջը պտտվելով ու ձեռքերը թափահարելով: Բայց թռչունները ցախատան փոխարեն տարբեր կողմեր թռան:
«Երևի ես տարօրինակ եմ թվում նրանց,- մտածեց մարդը,- ինչպե՞ս հասկացնեմ նրանց, որ կարող են վստահել ինձ: Ա՜խ, եթե կարողանայի մի քանի րոպեով թռչուն դառնալ, նրանց անվտանգ տեղ կտանեի»: Եվ հենց այդ պահին հնչեցին եկեղեցու զանգերը: Մարդը քարացավ տեղում՝ լսելով Սուրբ Ծննդյան բարի լուրն ավետող զանգերի ձայնը: Հետո ընկավ ծնկների վրա: «Այժմ հասկանում եմ,- շշնջաց նա,- այժմ գիտեմ, թե Աստված ինչու դա արեց»:
Մարդն արագ շտապեց տուն, պատրաստեց Սուրբ Ծննդյան սեղանը և սկսեց անհամբերությամբ սպասել ընտանիքի վերադարձին։ Մի քանի ժամ անց կինն ու երեխաները տուն վերադարձան։ Դեռ դռան շեմին չէին հասել, երբ հայրը նրանց ընդառաջ վազեց և ողջունեց․ «Քրիստոս ծնվեց և հայտնվեց»։ Կինն ու երեխաները զարմանքից քարացան․ չգիտեին ինչ պատասխանել։ Երբ բոլորով ներս եկան, հայրը պատմեց, թե ինչ էր կատարվել նրանց բացակայության ընթացքում։ Նրանք բոլորով փառք տվեցին Աստծուն և վայելեցին տոնական սեղանը, քանի որ այդ գիշեր փոքրիկ Հիսուսն իսկապես ծնվել էր նրանց ընտանիքում։