Տաթևի վանքը 9-րդ դարի պատմական հուշարձան է, հայ ճարտարապետության բացառիկ նմուշ, հոգևոր հնագույն կենտրոններից մեկը, ինչպես նաև միջնադարյան Հայաստանի ամենամեծ համալսարանը։
906 թվականին վանքի բակում կառուցվել է «Գավազան» կոչվող ճոճվող հուշասյունը, որը նվիրված է Սուրբ Երրորդությանը։ Ութանիստ սյունը կառուցված է սրբատաշ քարերից։ Գագաթին տեղադրված է գեղեցիկ խաչքար։ Պատվանդանի ու խաչքարի հետ միասին հուշասյան բարձրությունը 9մ է, կազմված է 12 մասից, ավարտվում է զարդանախշ քիվով, որի վրա Երկիրը խորհրդանշող գունդ է տեղադրված՝ վրան խաչքար-կողմնացույց։ Այն մարդկության ստեղծած ամենաճշգրիտ աստղագիտական գործիք-կողմնացույցն է: Ծխնիավոր հենարանի շնորհիվ սյունը ցնցումների ժամանակ ճոճվում է և վերադառնում նախկին դիրքին, քանի որ ծանրության կենտրոնը հնարամտորեն տեղադրված էր սյան ստորին հատվածում։ Այդ իսկ պատճառով էլ այն կոչվում է «ճոճվող հենարան» կամ «կենդանի գավազան»։ Այս յուրօրինակ հուշասյունը սեյսմիկ ցնցումների և թշնամական զորքերի հարձակման ժամանակ տատանվում էր և այդպիսով ահազանգում վանականներին։ Այն հենց այդ նպատակով էլ ստեղծվել էր։
Տաթևի վանքի այս հրաշալիքը, որը բազմաթիվ երկրաշարժերից անխաթար մնացած միակ շինությունն է, հայկական ճարտարապետության գլուծգործոցներից է, Տաթևի վանական համալիրի կառուցողների ստեղծագործական մտքի թռիչքը։ Կարելի է հիանալ հայ ճարտարապետների հմտությամբ, ովքեր կարողացել են ոչ թե մոնոլիտ, այլ իրար վրա շարված առանձին քարերով կառուցել ճոճվող սյուն, որի նմանը չի եղել անգամ Բաբելոնում՝ հին աշխարհի աստղագիտության կենտրոնում։ Պատմությանը հայտնի է միակտոր բյուրեղաքարից (կվարց) պատրաստված նմանատիպ սյան գոյության մասին, որը գտնվել է Դամասկոսում և կոչվել է «Դամասկոսյան սյունվ»։ Այդ սյան վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն։
Պահպահնվել է հինավուրց մի ավանդություն, ըստ որի՝ միջինասիական զորավար և նվաճող Լենկթեմուրը ցանկացել է կործանել «Գավազանը» և իր զինվորներին հրամայել է գոմեշների միջոցով ձգել և տապալել սյունը։ Սակայն ձգելու ընթացքում շղթան կտրվել է, իսկ գոմեշներն ընկել են ձորը։ Այլազգիները դրանից սարսափահար են եղել ու փախել։
1931 թվականի երկրաշարժի ժամանակ սյունը վնասվել է, ճոճղվող մեխանիզմը՝ խաթարվել, և «Գավազանը» այլևս չի գործում (գյուղի բնակիչներից մեկը գամել է նրա ճոճվող մասը, որպեսզի կոթողը չքանդվի)։