Հեռախոսի միջոցով մասսայական հաղորդակցումը մոտավորապես 100 տարվա պատմություն ունի։ Իսկ ինչպե՞ս են մարդիկ հազարավոր տարիներ հեռավորության վրա հաղորդակցվել կամ տեղեկատվություն փոխանցել դրա գյուտից առաջ։
Կար ժամանակ, երբ կապի միջոցներ էին հանդիսանում դրոշները, սուրհանդակները, թմբկազարկերը, աշտարակները և, նույնիսկ, ծուխը:
Առաջին անգամ ծուխը, որպես տեղեկատվության միջոց, օգտագործվել է հին Չինաստանում Ք․ա․ մոտ 900 թվականին, Չինական Մեծ պատը հսկող զինվորների կողմից: Երբ թշնամին հարձակվում կամ հեռվում նկատվում էր, պահակները կրակ էին վառում՝ պատի երկայնքով ազդանշան տալով աշտարակից աշտարակ, որպեսզի զգուշացնեին մյուս զինվորներին մոտալուտ վտանգի մասին: Այդպես նրանք ընդամենը մի քանի ժամում կարողանում էին հաղորդագրություն փոխանցել մինչև 300 մղոն հեռավորության վրա:
Գալլիացիները շղթա կազմած բղավելով միմյանց էին փոխանցում Կեսարի բանակի շարժման մասին ինֆորմացիան։
1789 թ. Ֆրանսիայում մեխանիկ Կլոդ Շապն առաջարկում է երկրով մեկ աշտարակներ/կայաններ շարել այնպես, որ մեկը մյուսին տեսանելի լինի։ Այդ աշտարակների վրա տախտակներ տեղադրել և դրանց վրա կարճ բառերով գրել լուրը։ Յուրաքանչյուր կայանում երկու աշխատող կարգել, ովքեր հեռադիտակի օգնությամբ պետք է կարդային դիմացի աշտարակի տախտակի վրա գրվածը և նույնը գրեին իրենց աշտարակի տախտակին․ այդպես ստացվում էր հեռագիր։
Ինֆորմացիայի փոխանցման բավականին հաջողված միջոց էին փոստատար աղավնիները, որոնք փոստային աղավնուն բնորոշ հատկությունները ձեռք էին բերում հատուկ վարժանքի և ճիշտ խնամքի արդյունքում։ Աղավնին հայտնի է չուի ընթացքում ճանապարհը ճիշտ գտնելու և նույնիսկ շատ հեռավոր (500 կմ և ավելի) վայրերից տուն վերադառնալու կարողությամբ։ Հենց այդ կարողությունն օգտագործելով՝ նրա ոտքից կապում էին տեղեկությունը, որն էլ բարեհաջող հասցվում էր հասցեատիրոջը։