Բարև ընկերնե՛ր: Ես Ռամզին եմ՝ մեծ եղջյուրներով մի խոյ... Կարո՞ղ ես կռահել՝ ինչու…
Դե լա՜վ, շատ հեշտ էր:
Միայն տե՛ս այս հիանալի եղջյուրները, որ Աստված տվել է ինձ։ Դրանք կարող են մինչև 14 կգ քաշ ունենալ (դա մոտավորապես այնքան է, որքան կշռում են մեր փոքրիկ, նախադպրոցական ընկերները)։
Իմ եղջյուրները պետք է կոշտ լինեն, քանի որ մենք օգտագործում ենք դրանք մյուս խոյերին մեր տարածքից հեռու պահելու համար:
Մարդիկ, ովքեր ուսումնասիրում են խոյերին, ասում են, որ մենք կարող ենք իրար բախվել 30-60կմ/ժ արագությամբ: Բա՜մ։ Դուք կարող եք լսել այդ ձայնն անգամ եթե շատ հեռու եք: Ես և իմ հոտը շրջում ենք հսկա ժայռոտ լեռներով: Ժայռոտ լեռներ. եթե գաս ինձ գտնելու, ապա անպայման հագի՛ր լեռնագնացի կոշիկներ: Երբեմն իմ հոտն արածում է ալպիական մարգագետնում, որտեղ ամենահամեղ ուտելիքն է: Աննկարագրելի համե՜ղ է: Բայց մարգագետինը մեզ հեշտ թիրախ է դարձնում գիշատիչների համար, ուստի մենք նաև սիրում ենք բարձրանալ այդ ցից ժայռերի վրա: Որքան զառիթափ, այնքան լավ: Ես և իմ ընտանիքը կարող ենք միասին կանգնել փոքրիկ ժայռի աննշան ծերպին, որն ընդամենը մի քանի սանտիմետր լայնություն ունի: Գիշատիչները մեզ այստեղ չեն կարող անհանգստացնել: Աստված մեզ ստեղծեց այդ դժվարին, քարքարոտ վայրերում՝ ապահով լինելու համար: Իմ սմբակները ճեղքված են և ներքևի մասում կոպիտ մաշկ ունեն, որն ամուր սեղմվում է ժայռերին: Բացի այդ, ես հիանալի տեսողություն ունեմ: Ինձ ակնոց պետք չէ: Թվում է, թե այս ժայռերը մագլցելը և ատամնավոր եզրերի վրա հավասարակշռություն պահելը դժվար է, բայց Աստված ինձ տվել է այն ամենը, ինչ ինձ անհրաժեշտ է այստեղ ապրելու համար՝ լավ սնունդ և ապահով միջավայր:
Ես լսել եմ, որ երբեմն դու էլ ես ստիպված լինում դժվար գործեր անել։ Երբ դպրոցում կռվարար կա, միգուցե քեզ թվում է, թե կոպիտ, քարքարոտ վայրում ես: Հնարավոր է, որ դու հավասարակշռված չլինես ժայռի եզրին, ինչպես ես, բայց գուցե դու պետք է հավասարակշռություն պահես տնային աշխատանքի, սպորտի, երաժշտության և ընկերական հարաբերություններում: Ի՜նչ բարդ է հնչում: Բայց դու գիտեի՞ր, որ մենակ չես դիմակայում այդ դժվարություններին: Ո՛չ մի դեպքում. Հիսուսը հենց քո՛ կողքին է: Այո՛, նույնիսկ հենց հիմա Նա քեզ տալիս է Իր ուժը՝ բարձրանալու անհանգստության այդ լեռների միջով և հաղթահարելու ցանկացած բարդություն: Աստվածաշունչը քեզ ուժ է տալիս այս ճշմարտությամբ՝ «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» /Փիլիպպեցիներին 4.13/։ Դա նշանակում է, որ դու քո սեփական ուժերով չես դիմադրելու դժվարություններին: Հիսուսի զորությունն օգնում է քեզ դժվար բաներ անել: Վստահի՛ր Հիսուսին։