Ժպտա՝ քեզ սազում է

Ողջու՛յն, սիրելի՛ ժպտերես ընթերցող։ 

Քո տարիքի շատ երեխաների տարբեր բաներ է ուրախացնում. ոմանք ուրախ են այն ժամանակ, երբ թողնելով իրենց դասերը՝ առավոտից մինչև երեկո դրսում խաղում են, ոմանք, թողնելով իրական շփումը, հեռախոսով զվարճալի, ժամանցային տեսանյութեր են դիտում կամ խաղում են համակարգչային խաղեր։

Ուզում եմ քեզ մի հարց տալ, այո-այո, քե՛զ։ Հիմա մի փոքր մոտ արի, ըհը, մի փոքր էլ մոտեցիր, որպեսզի ականջիդ կամաց հարցնեմ՝ լսի՜ր, իսկ քեզ ի՞նչն է ուրախացնում։ Արի գիտե՞ս ինչ անենք, վերցրո՛ւ մի թերթիկ և գրիր բոլոր այն բաները, որ քեզ ի սրտե՜ ուրախացնում են։

Ա՜յ, երբ կգրես այդ ամենը, ինքդ քեզ հարց տուր իսկ սրանցից ո՞րն է ինձ պատճառում իրական ուրախություն, ո՞րն է ավելի օգտակար։

Աստծո Խոսքը  Փիլիպպեցիներին 44 համարում ասում է «Միշտ Տիրոջով ուրա՛խ եղեք. դարձյալ ասում եմ՝ ուրա՛խ եղեք»։

Բայց ինչպե՞ս ուրախ լինել, երբ տխուր ես, ունես դժվարություններ դպրոցում, բակի երեխաների, ընկերների հետ կամ ընտանիքում։

Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ կարելի է լինել ուրախ նույնիսկ կյանքի ամենաբարդ իրավիճակներում, և այդ ուրախությունն Աստված է տալիս։ Այն ժամանակավոր ուրախություն չէ, ինչպես, օրինակ, պաղպաղակի պատճառած ուրախությունը, որն ավարտվում է դրա հետ միասին: Աստծո տված ուրախությունը ներքին ու մշտական ուրախություն է, քանի որ գիտենք, որ Նա միշտ մեզ հետ է՝ մեզ օգնելու, ուժ, իմաստություն, աշխատասիրություն և համբերություն տալու։

Սաղմոս 23-ը սկսվում է հետևյալ խոսքերով՝ «Տերն իմ հովիվն է». ինչպես հովիվն է գառների համար հոգ տանում, այնպես էլ Աստված է մեզ համար հոգում։ Նա միշտ մեզ հետ է մեր կյանքի ամեն իրավիճակում, ու դա ուրախության լավագույն պատճառն է։  Սակայն որպեսզի այդ ուրախությունը գա, մենք պետք է մեզ տխրեցնող բաների մասին աղոթքով պատմենք Աստծուն ու խնդրենք Նրա լուծումները:  Սաղմոս 105.3 համարում գրված է «․․․Թող ուրախ լինի Տիրոջը խնդրողների սիրտը»։

Աստծո տված ուրախությունը մենք նաև կարող ենք ստանալ ու պահպանել, եթե շնորհակալ սիրտ ունենանք, գնահատենք այն ամենը, ինչ ունենք ու փառք տանք Աստծուն դրանց համար։

Ուրախանալու պատճառներ շա՜տ կան, պարզապես պետք է, որ ուշադրությամբ շուրջդ նայես ու նկատես դրանք։

Այն թերթիկը, որի վրա գրեցիր քեզ ուրախություն պատճառող բաների մասին, ևս մեկ անգամ կարդա՛։

Հիշի՛ր՝ Աստված սիրում է քեզ և Նա միշտ քեզ հետ է.

 

Հա,՛ մոռացա ասել, ի վերջո Աստված քեզ գեղեցիկ ժպիտ է տվել, ի սրտե ժպտա՛, դա քեզ սազում է։