Երեք ծառաների առակը

Մի մարդ, օտար երկիր գնալիս, կանչեց իր ծառաներին ու իր ունեցվածքը նրանց հանձնեց. մեկին հինգ քանքար* տվեց, մյուսին՝ երկու, երրորդին՝ մեկ. յուրաքանչյուրին՝ ըստ իր կարողության, և մեկնեց։ Նա, ով հինգ քանքար էր ստացել, դրանցով գործարք արեց և հինգ քանքար ևս շահեց։ Նույնպես և նա, ով երկու քանքար էր ստացել, երկու քանքար ևս շահեց։ Իսկ նա, ով մեկն էր ստացել, գնաց, հողը փորեց ու իր տիրոջ արծաթը թաքցրեց։ Եվ շատ ժամանակ անց ծառաների տերը եկավ ու նրանցից հաշիվ պահանջեց։ Նրա մոտ եկավ հինգ քանքար ստացողը, բերեց ևս հինգ քանքար ու ասաց. «Տե՛ր, ինձ հինգ քանքար տվեցիր. ահա դրանցով ես հինգ քանքար ևս շահեցի»։ Եվ նրա տերը նրան ասաց. «Լա՛վ, բարի ու հավատարի՛մ ծառա, քանի որ դու քչի մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատի վրա կկարգեմ. մտի՛ր քո տիրոջ ուրախության մեջ»։ Նրա մոտ եկավ նաև երկու քանքար ստացողը և ասաց. «Տե՛ր, ինձ երկու քանքար տվեցիր. տե՛ս, ես դրանցով երկու քանքար ևս շահեցի»։

centre

Նրա տերն ասաց նրան. «Լա՛վ, բարի ու հավատարի՛մ ծառա, քանի որ դու քչի մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատի վրա կկարգեմ. մտի՛ր քո տիրոջ ուրախության մեջ»։ Նրա մոտ եկավ մեկ քանքար ստացողը ևս ու ասաց. «Տե՛ր, ես գիտեի, որ դու խիստ մարդ ես՝ հնձում ես այնտեղ, ուր չես սերմանել և հավաքում ես այնտեղից, որտեղ չես ցանել։ Եվ վախենալով գնացի, քո քանքարը հողի մեջ թաքցրի. ահա քոնը»։ Նրա տերը պատասխանեց և ասաց. «Չար ու ծո՛ւյլ ծառա, գիտեիր, որ հնձում եմ այնտեղ, ուր չեմ սերմանել և հավաքում եմ այնտեղից, որտեղ չեմ ցանել։ Ուրեմն դու պետք է իմ արծաթը դրամափոխների մոտ դնեիր, որ երբ ես գայի, իմ ունեցածը տոկոսով ստանայի։ Արդ, վերցրե՛ք սրանից քանքարը և տասը քանքար ունեցողի՛ն տվեք։ Որովհետև ամեն ոք, ով ունի, նրան կտրվի ու կավելացվի, բայց ով չունի, նրանից ունեցածն էլ կվերցվի։ Իսկ այդ անպիտան ծառային գցե՛ք խավարի մեջ. այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց»։

                                                                                                       

*քանքար - Ոսկե կամ արծաթե մետաղադրամ:

                        Ծանրության չափ = 45 կգ 333 գրամ:

                        Փոխաբերաբար՝ Տաղանդ, շնորհք, հանճար