Հիսուսի Ծնունդը

   Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակն Աստծո կողմից ուղարկվեց Գալիլիայի Նազարեթ քաղաքը՝ Մարիամի մոտ, ով նշանված էր Հովսեփի հետ: Հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ողջու՛յն, ո՛վ շնորհընկալ: Տերը քեզ հե՛տ: Օրհնյալ ես դու կանանց մեջ»: Երբ Մարիամը տեսավ նրան, շփոթվեց նրա ասածից ու մտածում էր, թե ի՞նչ է նշանակում այս ողջույնը:

   Եվ հրեշտակն ասաց նրան. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծո մոտ շնորհ գտար: Ահա կհղիանաս և որդի կծնես ու Նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի, և Տեր Աստված Նրան կտա Իր հոր՝ Դավթի աթոռը. և Նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, և Նրա թագավորությանը վերջ չի լինի»:

   Այդ օրերին Օգոստոս կայսեր կողմից ամբողջ երկրում մարդահամար անելու հրաման եղավ: Այս առաջին մարդահամարը տեղի ունեցավ, երբ Կյուրենիոսը կուսակալ էր Ասորիքում:

   Բոլորը գնում էին գրանցվելու մարդահամարի՝ յուրաքանչյուրն իր քաղաքում: Հովսեփն էլ, Դավթի տնից ու ազգատոհմից լինելով, Գալիլիայի Նազարեթ քաղաքից ելավ, գնաց դեպի Հրեաստան՝ Դավթի քաղաքը, որը Բեթղեհեմ էր կոչվում. Մարդահամարի մեջ գրանցվելու իր նշանած Մարիամի հետ, ով հղի էր:

 

   Եվ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաաբերելու օրերը լրացան, և նա ծնեց իր անդրանիկ Որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց ու դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանում նրանց համար տեղ չկար:

   Երբ Հիսուս ծնվեց, Հերովդես արքայի օրոք, արևելքից մոգեր եկան Երուսաղեմ: Հերովդեսը գաղտնի կանչեց մոգերին ու նրանցից ստուգեց աստղի երևալու ժամանակը: Եվ նրանց Բեթղեհեմ ուղարկելով՝ ասաց. «Գնացե՛ք ստույգ իմացեք մանկան մասին և երբ գտնեք, հայտնե՛ք ինձ, որ ես էլ գամ երկրպագեմ նրան»: Նրանք, երբ  թագավորից լսեցին այս, գնացին:

 

   Ահա այն աստղը, որ տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց, մինչև որ եկավ կանգնեց այն տեղի վրա, ուր մանուկն էր: Երբ տուն մտան, տեսան մանկանը իր մոր՝ Մարիամի հետ միասին և ընկան ու երկրպագեցին նրան և իրենց ընծաները մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս:

 

 

   Ապա երազի մեջ Աստծուց հրաման առնելով չվերադառնալ Հերովդեսի մոտ, ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիր: Երբ նրանք այնտեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց Հովսեփին և ասաց. «Վե՛ր կաց, վերցրու՛ մանկանն ու Նրա մորը և փախի՛ր Եգիպտոս. այնտեղ մնա՛, մինչև որ քեզ ասեմ, քանի որ Հերովդեսը պիտի փնտրի մանկանը՝ սպանելու համար»: Հովսեփը ելավ, գիշերով վերցրեց մանկանն ու Նրա մորը և գնացին Եգիպտոս և այնտեղ մնացին մինչև Հերովդեսի մահը: Երբ Հերովդեսը մահացավ, Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց Հովսեփին Եգիպտոսում, ասելով. «Ելի՛ր վերցրու Մանկանն ու Նրա մորը և վերադարձիր Իսրայելի երկիրը, որովհետև նրանք, ովքեր Մանկան կյանքն էին ուզում, մեռան»: Հովսեփն էլ վեր կացավ, առավ Մանկանն ու Նրա մորը և եկավ Իսրայելի երկիրը: Երբ լսեց, թե Հրեաստանում Արքեղայոսն է թագավորում իր հոր՝ Հերովդեսի փոխարեն, վախեցավ այնտեղ գնալ. և երազի մեջ Աստծո կողմից զգուշացվելով՝ Գալիլիայի կողմերը գնաց և բնակվեց Նազարեթ կոչվող քաղաքում, որպեսզի կատարվի մարգարեների խոսքը, թե՝ «Նա Նազովրեցի պիտի կոչվի»:

 

Աշխարհի Փրկչին սպասում էր ոչ միայն ընտրյալ ժողովուրդը, այլև ամբողջ աշխարհը: