Հե՛յ: Ես այստեղ եմ։ Այո՛, դու ճիշտ ուղղությամբ ես նայում: Համաձայն եմ` ձյունապատ տարածքում ինձ հեշտ չէ նկատել։ Ես սպիտակ ձմեռային մուշտակ եմ կրում։ Սպիտակը սպիտակի վրա, ինքդ էլ հասկանում ես... Գարնանն իմ մեջքը, կողքերը, գլխիս վերևի հատվածը, թաթերս դրսի կողմից և պոչս ներկվում են գորշ շագանակագույն։ Իսկ հիմա ես զարդարված եմ ճերմակ զգեստով:
Կենդանաբան գիտնականներն ասում են, որ ես լռակյաց կենդանի եմ: Շատ ճիշտ է: Ես շատ հազվադեպ եմ ձայն հանում: Մի քիչ գուցե ֆշշացնեմ, եթե վախենամ, կամ ծվծվամ, եթե ինքնապաշտպանվելու կարիք կա։ Կարող եմ նաև բվվալ, եթե կանչում եմ ձագուկներիս:
Ինձ կարելի է հանդիպել Հյուսիսային կիսագնդի բոլոր աշխարհամասերում, նույնիսկ` Ամենահեռավոր Հյուսիսում։ Ես բներս կողմնակի աչքերից թաքցնում եմ քարերի տակ, փչակներում և փլատակների տակ։ Բույնը սարքում եմ փափուկ մամուռով և չոր խոտով: Գարնանը ունենում եմ հինգից յոթ ձագ: Ես հոգում եմ նրանց մասին, պաշտպանում եմ և վտանգի դեպքում ատամներով տեղափոխում գաղտնի վայրեր:
Չգիտեմ ինչու, բայց գրքերում ու մուլտֆիլմերում ինձ բացասական հերոսի կերպար են վերագրում։ Եվ դա իմ ողջ հմայքի պարագայում:
Առանց որևէ կասկածի՝ դու արդեն կռահեցիր, թե ով եմ ես։ Ես ջրաքիսի ու կզաքիսի ազգականն եմ: Փոքրիկ գիշատիչ կաթնասուն՝ կզաքիսների ընտանիքից:
Սովորական աքիս (Mustela nivalis):
Ըստ «Արահետ» ամսագրի