Ձմռան ցուրտ օրերին, երբ դրսում ձյուն է ու սառնամանիք, ոչինչ այնքան չի տաքացնում, որքան մեկ բաժակ թեյը: Գիտե՞ք, որ թեյը ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար և առողջարար: Եկեք միասին բացահայտենք, թե ինչ է թեյը, որտեղից է այն գալիս և ինչու է այդքան շատ մարդկանց համար այն սիրելի ըմպելիք։
Թեյի պատմությունը սկսվել է շատ տարիներ առաջ Չինաստանում։ Ասում են՝ մի անգամ Չինաստանի կայսրը, նստած ծառի տակ, տաք ջուր էր խմում, երբ պատահաբար թեյի մի քանի տերև ընկան նրա բաժակի մեջ։ Նա փորձեց այդ ըմպելիքը և այդ օրվանից թեյը դարձավ աշխարհի ամենասիրված ըմպելիքներից մեկը։
Թեյը կամ Չինական կամելիան (անգլ․՝ Tea tree, ռուս․՝ Чай, Чайный куст, или Камелия китайская, լատ․՝ Camellia sinensis) թեյազգիների (Theaceae) ընտանիքի, մշտադալար թփերի կամ փոքր ծառերի տեսակ է, որի տերևները և բողբոջներն օգտագործվում են թեյ արտադրելու համար:
Թեյի հայրենիքը Հարավ-Արևելյան Ասիայի արևադարձային և մերձարևադարձային, լեռնային անտառների գոտիներն են։
Կա թեյի երկու հիմնական սորտ՝ Camelia. sinensis var. sinensis և Camelia sinensis var. assamica: Սպիտակ թեյը, դեղին թեյը, կանաչ թեյը, մուգ թեյը և սեւ թեյը, բոլորը, տարբեր մշակումներ կիրառելով, ստացվում են այդ երկու սորտերից։
Թեյի պատրաստումը տեղի է ունենում չորս փուլով: Առաջին՝ ձեռքով հավաքում են վերին տերևներն ու ծաղիկները և թողնում մի քանի օր՝ չորանալու: Երկրորդ՝ դրանք տրորում են մետաղյա գրտնակներով, որպեսզի ավելացնեն բույրը և համը: Երրորդ՝ թեյի այդ հումքը թողնում են բաց երկնքի տակ՝ օքսիդացման համար: Եվ վերջում տերևները տաքացնում են, որպեսզի հեռացնեն մնացած խոնավությունը:
Թեյը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք մեր օրգանիզմին օգնում են պայքարել մրսածության և հիվանդությունների դեմ։
Թեյ խմելու մշակույթը տարբեր երկրներում յուրահատուկ է։
Մեծ Բրիտանիայում կեսօրվա թեյը՝ թխվածքով, անգլիական մշակութային կարծրատիպերից է. բոլորը կեսօրին պարտադիր թեյում են մի կտոր թխվածքով։ Հարավարևմտյան Անգլիայում շատ սրճարաններում մատուցում են սերուցքային թեյեր, կոկտեյլային թեյեր, ինչպես նաև թեյ ու ջեմ։
Իռլանդական ազգային սովորույթի համաձայն` մեկ մարդը օրական խմում է մինչև 4 բաժակ թեյ, չնայած կան մարդիկ, որ խմում են մինչև 6 բաժակ թեյ։ Իռլանդիայում թեյը սովորաբար խմում են կաթի և շաքարի հետ միախառնած։
Ճապոնիայում թեյ խմելը վերածվել է բարդ և խորհրդանշական արարողության, որն ընդգծում է ճշգրտություն, նրբագեղություն և ներդաշնակություն:
Չինաստանում, որը համարվում է թեյի հայրենիքը, թեյի արարողությունն ունի խորը իմաստ՝ կապված առողջության, խաղաղության և ներդաշնակության հետ:
Արաբական մշակույթում թեյը հասարակական հանդիպումների ժամանակ կարևորագույն ատրիբուտ է։
Իրանական մշակույթում թեյն ամենատարածվածն է։ Նրանք իրենց հյուրերին հյուրընկալելիս առաջարկում են թեյ խմել։
Հնդկաստանում թեյը հայտնի է որպես տաք և անուշաբույր ըմպելիք։ Այն օգտագործում են գրեթե բոլոր տներում, հյուրասիրում հյուրերին, մատուցում հասարակական և պաշտոնական հանդիպումների ժամանակ։ Ի դեպ նրանք թեյը համեմում են կաթով և այլ համեմունքներով, ինչն էլ նպաստում է քաղցր համի պահպանմանը։