Մակարավանքի մասին միակ գրավոր հիշատակությունը Կիրակոս Գանձակեցու գրքում է: Ըստ նրա, Հաթերքի իշխան Վախթանգի կինը՝ Արզու Խաթունը, իր դստեր հետ վանքի համար վարագույր է գործել։
Մակարավանքը միջնադարյան հայ ճարտարապետության մի անգերազանցելի օրինակ է, որը հայտնի է իր նուրբ զարդաքանդակներով ու մշակութային արժեքով:
Կա մի ավանդություն, որի համաձայն՝ 8-րդ դարում վանքի տեղում եղել է միայն մի փոքր եկեղեցի: Վարպետ Մակարն ու նրա որդին ստանձնել են դրա շուրջը վանք կառուցելու գործը: Որդին քար է տաշել, նախշել, իսկ հայրը շարել է պատերը: Վարպետ Մակարն այնքան է տարվել իր գործով, որ ապրել և, նույնիսկ, գիշերել է վանքի կիսավարտ պատերի վրա։ Օրերից մի օր վարպետը նկատել է, որ քարերը իրար չեն համապատասխանում և զարդաքանդակներն էլ նույնը չեն։ Նա վերևից կանչել է որդուն՝ հարցնելու, թե ինչ է պատահել: Բանվորներն ասել են, որ նրա որդին հիվանդ է, սակայն Մակարը հասկացել է, որ որդին մահացել է: Ավարտելով վանքի կառուցումը՝ վարպետն իրեն ցած է նետել եկեղեցուց: Նրան թաղել են վանքի պատի տակ և վանքն անվանել Մակարավանք։
Գլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճների տիպի, 13,5 X 9 մ միջին չափերի շինություն է և ունի երկարավուն արտաքին տեսք, իսկ ներսից պատկանում է խաչաձև հատակագծին։ Եկեղեցու չորս անկյուններում կրկնահարկ խորաններ են: Շենքը կառուցված է բաց վարդագույն և պղնձագույն քարերով, որոնք շատ գեղեցիկ են: Հարավային պատի լուսամուտի տակ աչքի է ընկնում մագիլներում ցուլ բռնած արծվի բարձրաքանդակը: Արևմտյան կողմում մուտքը շատ գեղեցիկ է, այն ծածկված է գույնզգույն քարերով: Եկեղեցու ներսը շատ ընդարձակ, լուսավոր ու տպավորիչ է: Այնտեղ կան հսկայական հնգանիստ որմնամուտքեր, որոնք միանում են բարձր կամարներով: Տանիքի կենտրոնում կա բացվածք, որի վրա կառուցված է գմբեթը:
Գեղաքանդակ մի խաչքարի ծավալուն արձանագրությունից իմանում ենք, որ գլխավոր եկեղեցին 1205 թվականին կառուցել է Բազազ իշխանի որդի Վարդանը, Հովհաննես Ա-ի վանահայրության տարիներին։ Մուտքի ճակատակալ քարի արձանագրության մեջ հիշատակված է Մակարավանք անունը։
Մակարավանքի երկրորդ՝ Հնագույն եկեղեցին համալիրի հյուսիս-արևելյան մասում է: Այս հրաշալի շենքը կառուցվել է XI—XI դարերի ընթացքում։ Այս եկեղեցու հարդարանքը շատ հետաքրքիր է: Նրա բեմի ճակատի բուսական և երկրաչափական նուրբ զարդաքանդակները շատ գեղեցիկ են, որոնք գտնվում են շեղանկյուն շրջանակների մեջ:
Մակարավանքի արևելյան մասում կանգնած է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի լուսամուտների և խորշերի շուրջ կա գեղեցիկ զարդանախշ: Եկեղեցու պատերին քանդակված են առյուծների, թռչունների և վարդյակների բարձրաքանդակներ։ Դրանցից մեկում պատկերված է արագիլ՝ պարանոցին փաթաթված օձի կոկորդը բռնած, իսկ մյուս բարձրաքանդակում իրար հետ կռվող երկու կենդանի։
Փոքրիկ կիսավեր մատուռը գտնվում է Աստվածածին եկեղեցուց հյուսիս: Այն թաղածածկ, փոքր, բազմերանգ քարերով շարված շինություն է՝ կառուցվել է մյուս հուշարձանների հետ միաժամանակ։
Մակարավանքի համալիրն իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Բղենո-Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ։
Վանքը երբեմն կոչվել է նաև Ագռավավանք։