Դու երբևէ տեսե՞լ ես, թե ինչպես է աճպարարն անհետացնում մետաղադրամը, բաժակի ջուրը վերածում գունավոր հեղուկի կամ ճիշտ գուշակում պահված խաղաքարտը։ Ի՞նչ ես կարծում՝ դա հնա՞րք է, թե՞ հրաշք։
Հիմա պատկերացրու՝ ցանած փոքրիկ սերմը մի օր վերածվում է հսկա ծառի։ Կամ անձրևից հետո երկնքում հայտնվում է գունավոր ծիածան։ Իսկ սա ի՞նչ է. հնա՞րք, թե՞ հրաշք։
Հնարքն ու հրաշքը շատ տարբեր են, նույնիսկ եթե դրանք երբեմն շփոթում են։ Հնարքը գիտելիքի, տեխնիկայի, ճկունության դրսևորում է և հաճախ կիրառվում է զվարճություն կամ զարմանք առաջացնելու համար։ Դրա օրինակները կարող ես տեսնել կրկեսում։
Մինչդեռ հրաշքը բնության օրենքների վրա չհիմնված աստվածային զորությամբ առաջացած վերմարդկային երևույթ է։ Հրաշքները ցույց են տալիս, թե որքան զորավոր է Աստված։
Աստվածաշնչում, մասնավորապես՝ Ավետարաններում, մենք ականատես ենք լինում տարբեր հրաշքների, որոնք կատարել է Հիսուսը։ Դրանք պարզապես զարմանալի պատմություններ չեն, այլ ունեն մեծ խորհուրդ յուրաքանչյուրիս համար։ Երբ Հիսուսը բժշկում է հիվանդներին, կերակրում հազարավոր մարդկանց կամ խաղաղեցնում փոթորիկը, Իր կատարած հրաշքներով ոչ միայն օգնում է մարդկանց, այլև ցույց է տալիս, թե որքան մեծ է Աստծո սերն ու զորությունը, նաև բացատրում, որ Աստված միշտ մեր կողքին է և պատրաստ է մեզ աջակցելու։
Աստված այսօր էլ է շարունակում հրաշքներ գործել․ երբեմն՝ նկատելի, երբեմն՝ աննկատ։ Հիսուսի կատարած հրաշքները մեզ սովորեցնում են հավատալ Նրան, նույնիսկ այն ժամանակ, երբ իրավիճակները մեզ դժվար ու անելանելի են թվում։