Փոշոտ ձեղնահարկում հին ժամացույցը խուլ շրշում էր ժամանակի մեջ։ Արենը՝ հետաքրքրասեր տղան, այնտեղ էր՝ փնտրելով պապիկի թողած գաղտնիքը։ Երբ հին ժամացույցի մեջ գտավ մի փոքրիկ բանալի և պտտեց այն, սլաքները դիպան 12-ին, լույսը թրթռաց, ու Ժամը՝ ժամացույցի մարդուկը, կենդանացավ։ Նրանք միասին բացեցին մի դուռ, որը տարավ դեպի Արատների մոլորակ՝ մի վայր, որտեղ մարդիկ վաղուց մոռացել էին ժպտալ, երազել ու միմյանց ներել։ Այնտեղ ամեն ինչ կառավարում էր Կալիսարը՝ մռայլ մի մարդ, որ ատում էր հիշողությունը։ Նրա քաղաքում մարդիկ չէին խոսում, չէին հիշում, և ուրախության լույսը վաղուց հանգած էր։ Այնտեղ ապրում էր նաև մի փոքրիկ աղջիկ՝ Մայան։ Բայց Արենը չվախեցավ։ Նա հիշեց պապիկի խոսքերը․ «Երբ մեկի հիշողությունը մնում է կենդանի, աշխարհի հեքիաթը դեռ չի ավարտվում»։ Ժամի և Մայայի հետ նա սկսեց հիշեցնել մարդկանց, թե ինչ է Սուրբ Ծնունդը՝ այն օրը, երբ բարությունը վերածնվում է մարդու սրտում։ Նա պատմեց, որ իրական հրաշքը ոչ թե նվերների, այլ ներելու և սիրելու կարողության մեջ է։ Կալիսարը զայրացավ, բայց նրա ներսում ինչ-որ բան շարժվեց։ Արենը նայեց նրան ու մեղմ ասաց․
– Միգուցե դու երբեք էլ չար չես եղել․ պարզապես մարդիկ մոռացե՞լ են քեզ սիրել։
Կալիսարը լռեց։ Նրա աչքերի մեջ, երկար տարիներ անց, առաջին անգամ փայլեց լույս։ Փոքրիկ տղան նստեց նրա կողքին, և Կալիսարը շշնջաց․
– Գուցե դեռ ուշ չէ հիշելու։
Ժամը կանգնեցրեց սլաքները, որպեսզի այդ պահը հավերժ դառնա։ Եվ երբ նրանք վերադարձան տուն, Արենը հասկացավ՝ երբ մենք հիշում ենք մոռացվածներին, աշխարհի հեքիաթը չի ավարտվում, երբ սիրով ենք նայում մռայլին, լույսը վերադառնում է, և երբ մի հոգի իր ունեցածից բաժին է հանում մյուսին, Սուրբ Ծնունդն է իջնում Երկիր։
«Միմյանց հետ քա՛ղցր եղեք, գթած՝ միմյանց ներելով, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով ձեզ ներեց»։ (Եփես․ 4․32)