Հին զրույցն է հաստատում. Զվարթնոցի տաճարի գմբեթը կանգնած էր երեսունվեց սյուների վրա: Տաճարը վեհատեսիլ էր, ու թվում էր՝ երբեք ոչինչ չի ասանի այդ վեհությունը՝ ո՛չ երկրաշարժը, ո՛չ քամին, ո՛չ ոսոխը: Բայց մի օր երեսունվեց սյուները, միմյանցից ակամա, մտածեցին. «Ի՞նչ է, մնացած երեսունհինգ սյուները բավական չե՞ն գմբեթը պահելու համար, հո մենակ ե՞ս չեմ...»։ Եվ այդպես փլվեց Զվարթնոցի աստվածային գմբեթը, որովհետև բոլոր երեսունվեց սյուները, առանձին-առանձին, նման կերպ մտածեցին և իրենց ուսերը հանեցին գմբեթի տակից:
Վարդգես Պետրոսյան «Հայկական էսքիզներ»
Անշուշտ սա իր մեջ մեծ խորհուրդ ունի և շատ կարևոր ճշմարտություն է հայտնում: Տաճարն առաջին հերթին խորհրդանշում է բազմատեսակ քարերից շինված մեկ միասնական կառույց: Այս կառույցը նպատակ, առաքելություն ունի. այն իր մեջ ժողովուրդ է տեղավորում, պատսպարում: Այն օգտակար է, բարի ու գեղեցիկ: Այն տաճար է դառնում բազում քարերի ու սյուների միասնական շարվածքի արդյունքում: Ամեն քար իր ուրույն տեղն ու նշանակությունն ունի կառույցի պատի մեջ, և եթե մեկ քար բացակայի, նրա տեղը միանգամից կերևա, ու պատը կդադարի ամբողջական լինելուց: Եվ այս մեկ քարի բացակայությունը կսկսի բացասաբար ազդել մյուս քարերի վրա, և արտաքին գործոնները հեշտությամբ կարող են քայքայել տաճարի պատը:
Այս տաճարը մեր երկիրն է, մեր ժողովուրդը, մեր եկեղեցին: Մենք մեկ ամբողջական ու կանգուն տաճար ենք այնքան ժամանակ, քանի դեռ միասնական ենք, քանի դեռ բոլորս հասկանում ու խորապես գիտակցում ենք, որ ամեն մեկս քար ենք տաճարի պատի մեջ, մենք անհատապես պատը չենք, տաճարը չենք, այլ մի քար ենք պատի մեջ: Բայց միևնույն ժամանակ յուրաքանչյուրիս տեղը և դերը չափազանց կարևոր է: Եվ եթե մեկ քար կամ սյուն բացակայի, տաճարը կփլվի:
Մեզնից յուրաքանչյուրը, իր կյանքի ցանկացած փուլում, տաճարի մի մասնիկն է: Եվ, ուրեմն, եթե որպես հայ, որպես մեր երկրի քաղաքացի, որպես քրիստոնյա ուզում ենք մեր երկիրը, մեր ժողովրդին ու մեր եկեղեցին կանգուն ու շեն տեսնել, ապա պիտի մեր բաժին բեռը, ծանրությունը և առաքելությունը սիրենք, կարևորենք ու մեծ պատասխանատվությամբ կատարենք:
Եթե աշակերտ ենք, մեր նպատակը պետք է լինի գերազանց սովորելը, եթե ուսանող ենք, պետք է լինենք նպատակասլաց և ուշիմ, եթե գործավոր ենք, լինենք օրինակելի և պտղաբեր աշխատող: Որպես քրիստոնյա՝ կանչված ենք անհատապես լինելու աղ ու լույս, ապրելու քրիստոնեական արժեքներով և արտացոլելու դրանք: Ուրիշ ոչ ոք չի կարող դա անել մեր փոխարեն: Մեր բաժին պատասխանատվությունը ուրիշ ոչ ոք չի կարող կրել: Եվ մենք չենք կարող կառուցել մեր տաճարը՝ խուսափելով մեր անհատական առաքելությունից ու անելիքից: Եթե այսպես մտածեին Զվարթնոցի տաճարի սյուներից յուրաքանչյուրը, ապա այն մինչև հիմա կանգուն կլիներ:
Մենք ի՞նչ ենք մտածում մեր «Զվարթնոցի» մասին:
Գյումրու ՀԱԵ հովիվ՝ պատվ. Արամ Բաբաջանյան