Որտեղի՞ց է առաջացել կիթառը

  Կիթառի պատմությունը սկսվում է հին ժամանակներից: Շատերը կարծում են, որ կիթառի ծննդավայրը Իսպանիանն է: Բայց ի զարմանս մեզ, կիթառի ծննդավայրը համարվում է Արևելքը, իսկ թե կոնկրետ ո՛ր երկիրը, ոչ ոք չգիտի: Այդ մասին վկայում են կիթառի տեսք ունեցող հիերոգլիֆները, որոնք հայտնաբերվել են հին եգիպտացիների մոտ կամ էլ մի շարք ճարտարապետական շինություններ, որոնց վրա պատկերված է նման երաժշտական գործիք: Սակայն ամենակարևոր ապացույցն այն է, որ «կիթառ» բառն արաբական ծագում ունի: Ճիշտ է կիթառը ծնվեց Արևելքում, բայց Արևելքի բնակիչները որոշեցին այն տարածել աշխարհի բոլոր անկյուններով:  13-րդ դարում արաբները կիթառը տարան Իսպանիա, որտեղ էլ այն հենց ամենամեծ զարգացումն ապրեց: 

 

 

  15-րդ դարում իսպանացիները նույնիսկ սկսեցին մրցել իրար հետ՝ է՛լ ավելի զարգացնելով այս երաժշտական գործիքը: Հենց այս դարում էլ կիթառը լայն տարածում ստացավ և մարդիկ սկսեցին սիրել այն: Այն ժամանակ կիթառն ավելի նեղ ու երկար տեսք ուներ և բացի այդ էլ, լարերն ընդամենը չորսն էին: Իսկ արդեն 19-րդ դարում այն վերջապես ստացավ իր այսօրվա տեսքը՝ գեղեցիկ, մշակված և վեց լարով:

 

  Այս ամենից հետո Իսպանիայից կիթառն ուղևորվեց դեպի եվրոպական այլ երկրներ և Ամերիկա, որտեղ էլ գրկաբաց ընդունելության արժանացավ: Կիթառ պատրաստողներին իբրև մասնագետներ անվանում են «լյուտե»: Լյուտեները մեկ-մեկ շեղվում են այն պատրաստելու հստակ գծագրված կանոններից և ստեղծում են տարօրինակ կիթառներ: Հենց այդ շեղումների արդյունքում էլ ստեղծվել են աշխարհի ամենափոքր և ամենամեծ կիթառները: Ամենափոքրն ընդամենը 10 միկրոն է, իսկ ամենամեծը՝ մի էլեկտրակիթառ, որի երկարությունը 13 մետր 26 սանտիմետր է և այն կշռում է ամբողջ 1023 կիլոգրամ: