Առակների գիրքը Հին Կտակարանի գրքերից մեկն է։ Այն իմաստալից ասույթների և ուսուցողական խրատների ժողովածու է, որի մեծ մասի հեղինակը Սողոմոն թագավորն է։ Առակների գրքում Սողոմոնը և մյուս իմաստունները խոսում են արդարության, հիմարության, ամբարիշտության, հարստության, աղքատության, ծուլության, նենգության, կաշառքի և այլ կարևոր հարցերի մասին։ Մենք գրքից առանձնացրել ենք մի քանի խրատ.
1. Սիրտդ տուր խրատի ու ականջներդ գիտության խոսքերին։ Առակներ 23.12
2. Քո ամբողջ սրտով Տիրո՛ջը վստահիր ու մի՛ հենվիր քո հասկացողության վրա։ Առակներ 3.5
3. Որդի՛ս, պահի՛ր հորդ պատվիրանները և մի՛ լքիր մորդ օրենքը։ Առակներ 6.20
4. Մի՛ ասա՝ «Չարության դիմաց փոխհատուցելու եմ», այլ սպասի՛ր Տիրոջը, ու Նա քեզ կօգնի։ Առակներ 20.22
5. Առանց պատճառի մի՛ վիճիր մարդու հետ, երբ նա քեզ ոչ մի վնաս չի տվել։ Առակներ 3.30
6. Երբ ձեռքումդ կարոտյալին լավություն անելու հնարավորություն կա, մի՛ հապաղիր։ Առակներ 3.27
7. Շատախոսության մեջ մեղքը պակաս չի լինում, բայց իր շուրթերը զուսպ պահողն իմաստուն է։ Առակներ 10.19
8. Նա, ով համբերատար է, օժտված է մեծ խոհեմությամբ, իսկ դյուրաբորբոքը հիմարություն է անում։ Առակներ 14.29
9. Հանդարտ սիրտը մարմնի կյանքն է, իսկ նախանձը ոսկրերն է փտեցնում։ Առակներ 14.30
10. Բարի անունը նախընտրելի է, քան մեծ հարստությունը, և շնորհքը՝ քան արծաթն ու ոսկին։ Առակներ 22.1
11. Ուշ բարկացող մարդը հզորից լավ է, ու իր հոգին զսպողը՝ քաղաք գրավողից։ Առակներ 16.32
12. Բարեկամը միշտ է սիրում, ու եղբայրը նեղ ժամանակի համար է ծնված։ Առակներ 17.17
13. Իմաստուն որդին ուրախացնում է հորը, բայց անմիտ որդին իր մոր տրտմությունն է։ Առակներ 10.1