Սահակադուխտը մայրաքաղաք Դվինի կաթողիկոսարանի ավագերեց Սահակի դուստրն է, Ստեփանոս Սյունեցու քույրը, ով հայ մատենագրության մեջ հիշատակվում է որպես 8-րդ դարի նշանավոր դեմքերից մեկը: Նա հայոց առաջին կին երաժիշտն է, երաժշտության առաջին ուսուցչուհին և առաջին կին մանկավարժը: Պատմիչ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ Սահակադուխտը մանուկ հասակից ընդունել է կուսության ուխտ և Դվինից հեռանալուց հետո ցմահ ճգնել Գառնու կիրճի անձավներից մեկում։ Զբաղվել է երաժշտությամբ և մանկավարժությամբ. հորինել է բանաստեղծություններ, հոգևոր երգեր, զբավել է մանկավարժությամբ (վարագույրի հետևից): Ըստ վկայության՝ խումբ-խումբ տղաներ ու աղջիկներ են եկել Գառնու ձոր՝ Սահակադուխտի մոտ՝ երգ ու երաժշտություն սովորելու:
Գրել է Ծննդյան և փոխման բազմաթիվ քաղցրեղանակ մեղեդիներ և կցուրդներ (հայ հոգևոր երգի հնագույն տեսակ), որոնցից է «Սրբուհի Մարիամ» երգը (ակրոստիքոս է, տների առաջին տառերով հոդվում է բանաստեղծուհու անունը)։ Երգի բնագիրը հայտնաբերել և 1951 թվականին «Հասկ» ամսագրում հրատարակել է Նորայր Պողարյանը (Ծովական)։
Խոսրովիդուխտը՝ Գողթնի իշխան Վահան Գողթնացու քույրը, պատմությանը հայտնի երկրորդ հայ կին երաժիշտն ու շարականագիրն է, ով ապրել է VIII դարում: Ըստ ավանդության՝ եղբոր նահատակության առթիվ (737 թ.) հորինել է «Զարմանալի է ինձ» գովքը, որը Հայոց եկեղեցին կանոնացրել և ներմուծել է Շարակնոցի մեջ։ Գովքն օժտված է գեղարվեստական բարձր արժանիքներով։
Խոսրովիդուխտ Գողթնացու ստեղծագործությունը հայ հոգևոր երգարվեստի առաջին նմուշներից է, որտեղ առկա է յուրահատուկ երաժշտական ձևը, մեղեդու անկաշկանդ և ծավալուն զարգացումը։
Հայ մանրանկարիչ, գրիչ և ծաղկող Մարիամը 15-րդ դարի միակ հայ կին նկարիչն է, ում ստեղծագործությունների նմուշները պահպանվել են:
Մարիամը ծնվել և ստեղծագործել է Ջուղա քաղաքում: 1456 թվականին Ջուղայում ընդօրինակել և ծաղկել է Գրիգոր Տաթևացու «Գիրք քարոզութեան» ձեռագիրը (հայտնաբերել է սփյուռքահայ արվեստաբան Արամ Երեմյանը 1946 թվականին, Իրանի Սպահանի նահանգի Չարմանալ գավառի այդ ժամանակ դեռևս հայաբնակ Մամուռան գյուղում):
Ձեռագրի տարբեր ոճերով ու բովանդակությամբ մանրանկարները, ճոխ երանգներով լուսանցքազարդերը, թռչնազարդերը և գեղագրերը արտացոլում են 15-րդ դարի Հին Ջուղայի նկարչական դպրոցին բնորոշ հատկանիշները: «Գիրք քարոզութեան» մատյանը, որը պահվում է Էջմիածնի վանքի մատենադարանում, բաղկացած է 977 էջից: Այն Ջուղայի գրչարվեստի ու մանրանկարչության դպրոցի 15-րդ դարի կեսերի նմուշներից է, որտեղ ներառված են հարյուրավոր մանրանկարներ, թռչնագրեր ու լուսանցքազարդեր: Աշխատանքում արտացոլված է նկարչուհու վարպետությունն ու գույների նկատմամբ բնատուր տաղանդը: