Լավաշ

Ամառային արձակուրդներին մեզնից շատերը մեկնում են գյուղ` արձակուրդներն անցկացնելու իրենց տատիկների և պապիկների հետ։ Գյուղում կարելի է տեսնել շատ հետաքրքիր բաներ, որոնք քաղաքում դժվար է տեսնել։ Դրանցից են, օրինակ, տարբեր տնային կենդանիները։ Բայց ամենահետաքրքիրը գյուղական սովորույթներն են, որոնցից է լավաշ թխելը։ Այժմ մենք ձեզ կպատմենք շատ հետաքրքիր փաստեր լավաշի մասին։

Նախ սկսենք նրանից, որ Հայաստանում հացի այս տեսակը,  որը թոնրի մեջ թխում են բացառապես կանայք, հայտնի է ավելի քան երեք հազար տարի, ինչի վառ ապացույցներից է Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերված այդ ժամանակաշրջանի գետնափոր թոնիրը։ Այն կավից թրծված, հողի մեջ թաղված հատուկ գլանաձև փոս է և հանդիսանում է հայկական խոհանոցի առաջին գործիքներից մեկը։

 

Հետաքրքի՞ր է իմանալ, թե ինչպես են թխում լավաշը։ Նախ՝ գրտնակում են խմորի գնդերն այնքան, որ ստացվեն թերթի նման բարակ շերտեր, ապա գցում են ձվաձև փափուկ բարձի վրա, որը կոչվում է ռաֆաթա կամ բադադ և խփում թոնրի տաք պատին։ Հաշված րոպեներ հետո նրբաթերթ լավաշը պատրաստ է։ 

 

 

  Հետաքրքիր ավանդազրույց կա լավաշի մասին։ Հին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել, ով կռվի ժամանակ գերի է ընկել ասորական թագավոր Նոսորին: Վերջինս Հայոց արքայի առջև պայման է դրել, թե տասն օր անոթի մնալուց հետո եթե նետաձգությամբ մրցի իր հետ և հաղթի,  արքայավայել ընծաներով յուրայինների մոտ կգնա: Հաջորդ օրը Արամը պահանջել է, որ ասորաց սահմանի մոտ կանգնած հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ լանջապանակը: Ասորի բանբերները շտապել են հայկական բանակատեղի: Հայերը գլխի են ընկել, որ արքան, լանջապանակն ուզելով, ինչ-որ այլ բան է ակնկալել: Լուսադեմին ասորիները վերադարձել են՝ իրենց հետ բերելով Արամ արքայի լանջապանակը՝ չկասկածելով անգամ, որ դրա մեջ նրբաթերթ հաց է դրված. այն ժամանակ ոչ ոք չգիտեր լավաշի մասին: Արամը, ստանալով զրահը, պատճառաբանել է, թե դա իր ամենագեղեցիկ լանջապանակը չէ և ինն օր շարունակ նորն է պահանջել։ Այսպես նա ոչ մի օր քաղցած չի մնացել և հայկական հացից ուժ ստանալով՝ հաղթել է թշնամուն և պատվով տուն վերադարձել։ Վերադառնալուն պես՝ հրովարտակ է արձակել, որ այդուհետ Հայաստանում հաստ, բազմաձև հացերի հետ մեկտեղ լավաշ հաց էլ թխեն: