Աղոթքն Աստծո հետ անհատական զրույց է: Շատ կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրն աղոթքի համար առանձին պահ ունենա: Մենք հաճախ աղոթում ենք քնելուց առաջ, սակայն երբեմն խճճվում ենք մեր մտքերի մեջ և չենք կողմնորոշվում՝ ինչից սկսել և ինչի համար աղոթել: Մեր մատները կարող են օգնել մեզ, որպեսզի հիշենք, թե ինչի համար է կարելի աղոթել: Եվ այսպես.
1. Բութ մատդ ամենամոտն է սրտիդ: Աղոթի՛ր այն մարդկանց համար, ովքեր քո սրտում են (ընտանիքիդ անդամները, ընկերներդ և այլն): Շնորհակալություն հայտնի՛ր Աստծուն նրանց գոյության համար:
2. Ցուցամատը հաճախ օգտագործում ենք ուղղություն ցույց տալու համար: Աղոթի՛ր, որպեսզի Աստված քեզ ցույց տա Իր ճանապարհները:
3. Միջնամատն ամենամեծն է: Աղոթի՛ր քո առաջնորդների և ուսուցիչների համար: Շնորհակալությո՛ւն հայտնիր Աստծուն, որ Նա քեզ խելացի և հոգատար ուսուցիչներ է տվել:
4. Մատնեմատն ամենաթույլն է: Աղոթի՛ր քեզ ծանոթ հիվանդ կամ թույլ մարդկանց համար:
5. Ճկույթն ամենափոքրն է: Աղոթի՛ր քո անձնական կարիքների համար: Կատարածդ սխալների համար ներողություն խնդրի՛ր Աստծուց:
Կարող ես այս օրինակին հետևելով՝ քո անձնական ցանկը կազմել: