Արարչագործության պատմությունը

    Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը: Երկիրն անձև ու դատարկ էր, և խավար էր տիրում անդունդի վրա, իսկ Աստծո հոգին շրջում էր ջրերի երեսին:

 

    Լույսի արարումը

    Եվ Աստված ասաց. «Թող լույս լինի», և լույս եղավ: Աստված տեսավ, որ լույսը բարի է, և լույսը բաժանեց խավարից: Աստված լույսը կոչեց Ցերեկ, իսկ խավարը՝ Գիշեր: Երեկո և առավոտ եղավ. օր առաջին:

 

   Հաստատության արարումը

  Աստված ասաց. «Թող ջրերի միջև հաստատություն լինի, որպեսզի անջատի ջրերը ջրերից»: Եվ  այդպես եղավ: Աստված ստեղծեց հաստատությունը, և հաստատության ներքևում եղած ջրերը բաժանեց հաստատության վերևում եղած ջրերից: Աստված հաստատությունը կոչեց Երկինք: Նա տեսավ, որ բարի է: Երեկո և առավոտ եղավ. օր երկրորդ

 

    Բույսերի արարումը

   Աստված ասաց. «Թող երկնքի տակ եղած ջրերը հավաքվեն մեկ տեղ, և ցամաքը երևա»: Եվ այդպես եղավ … Աստված ցամաքը կոչեց Երկիր, իսկ միատեղ հավաքված ջրերը՝ Ծովեր: Աստված տեսավ, որ բարի է: Աստված ասաց. «Երկիրը թող կանաչ խոտ բուսցնի, սերմ տվող խոտ և երկրի վրա իր տեսակի պես պտուղ տվող պտղաբեր ծառ, որի սերմն իր մեջ է»: Եվ  այդպես եղավ: Աստված տեսավ, որ բարի է: Երեկո և առավոտ եղավ. օր երրորդ:

 

 

    Լուսատուների արարումը

  Աստված ասաց. «Երկնքի հաստատության մեջ լուսատուներ թող լինեն, որպեսզի ցերեկը գիշերից բաժանեն և նշանների ու ժամանակների, օրերի ու տարիների համար լինեն: Ու երկնքի հաստատության մեջ լուսատուներ թող լինեն, որպեսզի երկիրը լուսավորեն»: Եվ այդպես եղավ: Աստված տեսավ, որ բարի է: Երեկո և առավոտ եղավ. օր չորրորդ:

 

    Կենդանիների արարումը

   Աստված ասաց. «Ջրերն առատորեն կենդանության շունչ ունեցող շարժվող կենդանիներ թող արտադրեն, և թռչուններ թող թռչեն երկրի վրա՝ երկնքի բաց հաստատության մեջ»: Աստված տեսավ, որ բարի է: Նա օրհնեց նրանց՝ ասելով. «Աճեցե՛ք ու բազմացե՛ք և ծովերում եղած ջրերը լցրե՛ք. Թռչուններն էլ թող երկրի վրա շատանան»: Աստված ասաց. «Երկիրը թող շնչավոր կենդանիներ հանի՝ ըստ իր տեսակի, անասուններ, սողուններ և գազաններ՝ ըստ իր տեսակի»: Եվ  այդպես եղավ: Աստված ստեղծեց երկրի գազաններին իրենց տեսակի պես և երկրի բոլոր սողուններին իրենց տեսակի պես: Աստված տեսավ, որ բարի է: Երեկո և առավոտ եղավ. օր հինգերորդ:

   

    Մարդու արարումը

   Աստված ասաց. «Եկե՛ք մեր պատկերով մարդ արարենք. և թող նա իշխանություն ունենա ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»: Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով և նմանությամբ. արու և էգ ստեղծեց նրանց: Աստված օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցե՛ք ու բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը և տիրեցե՛ք դրան»: Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ բարի էր: Երեկո և առավոտ եղավ. օր վեցերորդ: 

   

 

    Արարչագործության ավարտը

   Այսպիսով Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը և կարգավորեց դրանք: Աստված վեցերորդ օրն ավարտեց արարչագործությունը և իր արած բոլոր գործերից հետո՝ յոթերորդ օրը, հանգստացավ: Աստված օրհնեց յոթերորդ օրը և սրբագործեց այն, որովհետև այդ օրն Աստված հանգստացավ իր արած բոլոր գործերից: 

 

 Աստված ոչնչից ստեղծեց երկինքն ու երկիրը: