Սուրբ Ծնունդը խրամատներում

  Այս անհավանական պատմությունը տեղի է ունեցել առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1914թ. դեկտեմբերի 25 – ին, Սուրբ Ծնունդից մեկ շաբաթ առաջ:

 

  Առաջին համաշխարհային պատերազմը սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին: Պատերազմում ներքաշված էին ժամանակի բոլոր հզոր պետությունները, որոնք բաժանված էին երկու խմբավորման՝ Անտանտի, որի կազմում ընդգրկված էին Բրիտանական կայսրությունը, Ֆրանսիայի երրորդ հանրապետությունը ու Ռուսական կայսրությունը, և Եռյակ դաշինքի, որի կազմում էին Գերմանական կայսրությունը, Ավստրո-Հունգարական կայսրությունն ու Իտալիայի թագավորությունը։ Պատերազմի առաջին ամիսները հաջող էին գերմանական զորքերի համար: Նրանք հասել էին Էնա գետի հովիտը, որտեղ ստեղծել էին պաշտպանական դիրքեր: Պատերազմի ընթացքը թեժ էր: Կողմերից ոչ մեկը պատրաստ չէր զիջման, ուստի երկու կողմերի բանակներն էլ արագորեն խրամատային համակարգեր էին ամրացրել: Ամենադաժան մարտերն ընթանում էին բելգիական Իպր և ֆրանսիական Րիշբուր քաղաքների ֆրոնտում: Պատերազմի առաջին ամսիներին այստեղ մահանում է ավելի քան կես միլիոն մարդ: Սուրբ Ծննդյան նախօրեին, չնայած որ մի քանի ամիս էր, ինչ սկսել էր առաջին համաշխարհային պատերազմը, այն արդեն հայտնի էր որպես ամենաարյունալի պատերազմ: Այդ պատճառով երկու կողմերի զինովներից ոչ մեկ խրամատում նստած չէր էլ կարող որևէ այլ բանի մասին մտածել: Սակայն հենց այս պատերազմի ամենաարյունալի պահին էլ Սուրբ Ծննդյան նախօրեին տեղի է ունենում ամենաանհավանական իրադարձությունը, որը բնորոշ չէր ո՛չ տեղին և ո՛չ էլ ժամանակին: Սակայն բնորոշ էր Սուրբ Ծննդին: 1914 թ. դեկտեմբերի 7-ին Հռոմի պապ Բենեդիկտոս 15-րդը հաշտեցման կոչ է անում. «Զենքերը կարող են լռել գոնե մեկ օր, երբ երգում են հրեշտակները»:

 

 

  Չնայած պաշտոնական հրադադար այդպես էլ չի լինում, այնուամենայնիվ երկու կողմերի զինվորներն էլ տնից  ծանրոցներ են ստանում, որոնց մեջ, բացի տաք հագուստից, դեղորայքից և նամակներից, կային նաև Սուրբ Ծննդյան նվերներ, նույնիսկ զարդարված եղևնու ճյուղեր: Իսկ Սուրբ Ծննդյան նախօրյակին խրամատների վրայից անգլիացի և գերմանացի զինվորները սկսում են փոխանակվել տոնական նվերներով և երգերով:

 

  Դեկտեմբերի 24-ին ռազմաճակատում արտասովոր լռություն էր տիրում: Գերմանացի զինովորները զարդարում էին իրենց խրամատները նրանք այնտեղ մոմեր էին վառում  և շարունակում էին Սուրբ Ծննդյան երգեր երգել: Սրան ի պատասխան՝ անգլիացիները նույնպես սկսում են երգել: Պատերազմը ժամանակավորապես դադարում է: Սուրբ Գիշերը պատերազմական այդ գոտում արթնացնում է մարդկային զգացմունքները: Սուրբ Ծննդյան շունչը տիրում է բոլոր խրամատներում: Պարզվում է, որ շատերն էին կարոտ պարզ, մարդկային հարաբերություններին և ջերմությանը: Գերմանացի զինվորները թողնում են իրենց զենքերը և դուրս գալիս խրամատներից: Տեսնելով նրանց՝ անգլիացիները նույնպես սկսում են դուրս գալ խրամատներից: Հնարավոր էր տեսնել 100 – 150 զինվորներ, ովքեր, միասին նստած, ծիծաղում էին և նշում Սուրբ Ծնունդը: Որոշ տեղերում նույնիսկ թշնամիները չեզոք գոտում ֆուտբոլ էին խաղում:

 

  Հրադադարին մասնակցում էր նաև ավիացիան: Սուրբ Ծննդյան գիշերը բրիտանացի մի օդաչու, ֆրանսիական քաղաքներից մեկի վրայով թռչելիս, որը գրավված էր գերմանացիների կողմից, քաղաքի ուղիղ կենտրոնում մի մեծ թխվածքաբլիթ է նետում:

 

  Այս սուրբ տոնի խորհուրդը մեկն էր բոլորի համար՝ Քրիստոսն Իր Ծնունդով խաղաղություն և սեր բերեց երկրի վրա: