Թումանյանն այն եզակի գործիչներից է, ում գրական հարստությունը նույնքան բացառիկ ու մեծ է, որքան նրա մարդկային կերպարը: Բանաստեղծն ապրել է իր ժողովրդի համար բարդ ու դաժան մի ժամանակաշրջանում և ամբողջովին կիսել է նրան բաժին հասած յուրաքանչյուր դառնություն:
Կովկասյան ռազմաճակատի անմարդկային տեսարանները դեռ աչքի առջև էին, երբ կես մարդ դարձած Թումանյանը հասավ Թիֆլիս, որտեղ բժիշկները նրան խորհուրդ տվեցին անմիջապես մեկնել որևէ առողջարան՝ կազդուրվելու: Առողջարանի գումար չունենալով, սակայն, ընկերոջ խորհրդով գնաց Թաբախմելա ամառանոց՝ հույս ունենալով այդտեղ մի փոքր հանգստանալ և ավարտին հասցնել իր «Հազարան բլբուլ» գործը։ Բայց դա նրան չհաջողվեց, քանի որ ընդամենը երկու-երեք օր անց վրա հասավ Եղեռնի և ավերիչ գաղթի գույժը:
Վատառողջ բանաստեղծը, առանց տատանվելու, անմիջապես վերադարձավ Թիֆլիս և գրեց «Հանգիստ ու լիքը հավատքով» հոդվածը՝ աշխարհասփյուռ հայությանը կոչ անելով չհուսահատվել և համախմբվել գաղթականներին փրկելու հարցի շուրջ:
Բանաստեղծի բացառիկ լավատեսությունն ու հավատը մեկ անգամ չէ, որ փրկել են հազարավոր կյանքեր: Ողբերգության անասելի ցավը հոգում՝ Թումանյանն առանց րոպե կորցնելու Թիֆլիսից շտապեց Էջմիածին, որտեղ հավաքվել էին ցեղասպանության սարսափները տեսած, ամենատարբեր հիվանդություններով վարակված, կեղտոտ ու սոված անթիվ-անհամար գաղթականներ, մասնավորապես որբեր: Անտեսելով բոլոր հնարավոր վտանգները՝ Թումանյանն իր հետ բերել էր նաև դստերը՝ Նվարդին:
Ի դեպ, հենց այստեղ է տեղի ունեցել Թումանյանի և Կաթողիկոսի միջև եղած հայտնի երկխոսությունը, որի ժամանակ ակամա ամենամեծ գնահատականն է ինքն իրեն տվել համեստագույն բանաստեղծը՝ իրեն կոչելով «Ամենայն հայոց բանաստեղծ»։ Թոթովենցն այդ մասին գրում է․ «Թումանյանը վազում էր կետից կետ, վրանից վրան… մի մեռնողից դեպի ուրիշ մեռնողը: Կարգադրում էր, հրամայում, հայհոյում, կշտամբում, ժպտում, շոյում, զայրանում: Մի օր էլ, տեղատարափ անձրևին, նա վազեց, բռնի կերպով բաց արավ նոր կառուցվող հայրապետական վեհարանը, որը մինչ այդ անձեռնմխելի էր: Գաղթականները լցվեցին ներս: Իմանալով այդ մասին՝ զայրացած կաթողիկոսը, կշտամբելով պոետին, ասել է. «Ինչպե՞ս եք համարձակվել․․․ չէ՞ որ Ձեզ հետ խոսում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը»։ Թումանյանը պատասխանել է. «Բայց Ձեզ հետ էլ խոսում է Ամենայն Հայոց Բանաստեղծը»: Կարճ ժամանակ անց նա բոլոր որբերի համար դառնում է նաև «Ամենայն հայոց հայրիկ»: Այդպես են նրան կոչում հենց որբերը:
Ժամանելով՝ Թումանյանն անմիջապես սկսեց իրականացնել որբերի տեղաբաշխման, սննդի, հագուստի, հիգիենայի հետ կապված բոլոր վարչական հարցերի համակարգումը: Սակայն նա գիտեր, որ բոլոր այդ հրատապ հարցերից շատ ավելի կարևոր է որբերի հոգեկան աշխարհը: Զգայուն բանաստեղծը շատ լավ հասկանում էր, որ ընդամենը մի քանի տարվա կյանք ապրած այդ երեխաները տեսել են անհավատալի, սարսափելի ոճիրներ, ականատես են եղել, թե ինչպես են ամենավայրագ ձևով սպանում իրենց ծնողներին ու ընտանիքի անդամներին: Նրանց մանկական հոգին ու մարմինը կեղեքված էր ամենադաժան ձևով, և այդ պահին նրանք աշխարհում ամենից շատ քնքշանքի ու մայրական սիրո կարիք ունեին: Ուստի, նա բոլոր կանանց ու աղջիկներին կոչ արեց լինել որբերի կողքին: Սրտացավ հայուհիների արձագանքն այնքան մեծ եղավ, որ շատ անգամ բանաստեղծն ինքն էր տուն ուղարկում օգնության եկած աղջիկներին՝ հաշվի առնելով նրանց անչափահաս լինելը: Բայց բանաստեղծի մարդասիրությունն ու նվիրումն այնքան ահռելի էր, որ բոլորն էին անխտիր վարակվում նույն սիրով և չէին ուզում հեռանալ Էջմիածնից:
Հետաքրքիր է, որ քույրերն ինչքան էլ նվիրումով կատարեին իրենց աշխատանքը, միևնույն է, որբերի ամենասիրելին, միակ հույսն ու ապավենը Թումանյանն էր: Նրան էին դիմում իրենց բողոքներով, խնդրանքներով, նրան էին կանչում հիվանդ ժամանակ, խնդրում, որ իրենց ծամերը չկտրեն, որ իրենց համար զգեստ կարեն. «..Հայրի՛կ, ինձ համար կարմիր հալավ կարեցե՛ք…»:
Նա գիտեր, որ պետք է հոգեպես լինի որբերի կողքին, պիտի փորձի ֆիզիկապես ամուր լինել, որպեսզի կարողանա համակարգել բոլոր վարչական գործերը:
Թումանյանն իր կյանքի ընթացքում կարողացել է օգնել հազարավոր որբերի, նրանց համար լինել հայր և մի փոքր ջերմություն ու սեր տալ Եղեռնի դաժանություններից մազապուրծ եղած այդ փոքրիկներին: