Հայկական աշխարհը հայտնի է իր հազարավոր եկեղեցիներով: Դրանցից յուրաքանչյուրը յուրահատուկ է թե՛ իր ճարտարապետական լուծումներով և թե՛ պատմությամբ: Այդ հնագույն և հետաքրքիր պատմություն ունեցող վանական համալիրներից մեկն էլ Հայրավանքն է (հայտնի է նաև հետևյալ անվանումներով՝ Այրիվանք, Հայրիվանք, Հայր Հոհանք, Հայր Հովհան, Հայր Հովհաննավանք, Հայր Հովհաննու վանք, Հայրվանք, Հայրուվանք, Հայր Օհավանք, Հովանավանք, Մարդաղավնյաց վանք), որը գտնվում է Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս-արևելյան մասում՝ Սևանա լճի ափին, ժայռեղեն հրվանդանի վրա:
Հայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում և հայկական ճարտարապետության եզակի նմուշներից է: 1952, 1972, 1973 թթ. եկեղեցու տարածքում կատարված հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում պեղվել են մի շարք բնակարաններ և բնակատեղի: Ամենավաղ նյութը վաղբրոնզեդարյան սև կավից փայլեցրած անոթի պատահաբար գտնված կտորն է: Սա և բազմաթիվ այլգտածոներ փաստում են, որ այս տարածքը բնակեցված է եղել դեռևս հնագույն ժամանակներից:
Ի դեպ, Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի՝ 1381 թ-ին Լենկթեմուրը, գրավելով Հայաստանը ու ժողովրդին կոտորելով, հասնում է Հայրավանք։ Վանքի վանահայր Հովհաննես եպիսկոպոսը, կոտորածը չտեսնելու համար, հրաշագործ մի խաչ ուսին կապած՝ իրեն նետում է ջուրը: Բայց Աստծո կամքով վանահայրը չի սուզվում, այլ վազում է ծովի վրայով:
Տեսած հրաշքից ցնցված` Լենկթեմուրը եպիսկոպոսին խոստանում է կատարել նրա ցանկությունները: Վանահայրը խնդրում է իրեն թողնել այնքան ժողովուրդ, որքան կտեղավորվի վանքի ներսում: Լենկթեմուրը համաձայնվում է, և մարդիկ սկսում են մտնել վանք: Ամբողջ ժողովուրդը լցվում է ներս, դրսում ոչ ոք չի մնում: Զարմացած բռնակալը մտնում է ներս և տեսնում է, որ ոչ մի մարդ չկա: Եվ այն հարցին, թե որտեղ են մարդիկ, վանահայրը, ցույց տալով աղավնիներին, ասում է՝ ահա նրանք: Այդ օրվանից վանքը կոչվում է նաև վանահոր անունոով՝ Հովհանավանք, ինչպես նաև Մարդաղավնյաց վանք: