Էլ Գրեկո

  Ազգությամբ հույն նկարիչ Էլ Գրեկոն իր ինքնատիպ արվեստով  իսպանական գեղանկարչության առաջատարներից  է: Նա ծնվել է Կրետեում 1541 թ., որն այն ժամանակ Վենետիկյան Հանրապետության մի մասն էր կազմում։  Նրա ծնողների և մանկության մասին շատ քիչ բան է հայտնի, միայն այն, որ նա սովորել է սրբապատկերներ նկարել։ Վաղ շրջանում նա յուրացրել է միջին դարերի բյուզանդական արվեստի ավանդությունները։ Մոտ 1567 թվականին Էլ Գրեկոն տեղափոխվել է Իտալիա՝ Վենետիկ, և սովորել Տիցիանի արվեստանոցում։

 

  Այստեղ  նրա արվեստը ձևավորվել է վենետիկյան գեղանկարչության ազդեցությամբ: Էլ Գրեկոյի գործերը հիմնականում կրոնական, դիցաբանական թեմաներով պատկերներ, դիմանկարներ և բնանկարներ են։ 1577 թվականին նկարիչը տեղափոխվել է Իսպանիա և հաստատվել Տոլեդոյում, որտեղ էլ դուրս գալով իտալական գեղանկարչության ազդեցությունից՝ դրսևորել է իր ինքնատիպ արվեստը, որին բնորոշ են սուր արտահայտչականությամբ, անիրական ուժերի անբնական հզորությամբ օժտված կերպարները:

 

  Էլ Գրեկոյի ստեղծագործություններն ամբողջությամբ ներկայացվել են նրա մահից 300 տարի անց՝ 20–րդ դարի սկզբին։

  Էլ Գրեկոյի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը «Քրիստոսը տանում է խաչը» կտավն է: Նայելով նկարին՝ դժվար է հավատալ, որ այն պատկերվել է ավելի քան 500 տարի առաջ: Հետաքրքրական է, որ գոյություն ունի այս կտավի առնվազն յոթ տարբերակ (չհաշված նրանք, որտեղ Քրիստոսը խաչը բռնել է ուղղահայաց):

 

 

  1500-ական թվականներին իտալացի նկարիչների մոտ մեծ տարածում է գտնում Քրիստոսին պատկերել Գողգոթայի ճանապարհին: Սակայն իր մեկնաբանության մեջ Էլ Գրեկոն հրաժարվում է խաչի ծանրության տակ թեքված և տառապյալ Քրիստոսի նախատիպից՝ ստեղծելով նոր կերպար, որտեղ Փրկիչը հիացմունքով նայում է Աստծուն և քնքշանքով գրկում խաչը՝ այն ընդունելով որպես փրկության գործիք: Քրիստոսի նմանատիպ կերպարը միանգամայն հեղափոխական էր տվյալ ժամանակի համար և բնականաբար շատերի կողմից չընդունվեց:

 

  Այս կտավում Քրիստոսի պատկերը բնութագրում է Նրա առեղծվածային հաղորդակցությունը Աստծո հետ: Նույնիսկ փշե պսակն ու ծանր խաչը ոչ մի ճնշող արտահայտություն չեն թողնում Փրկչի վրա: