Եղիցի լույս

   Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը: Եվ երկիրն անձև ու դատարկ էր, և անդունդի վրա խավար կար: Եվ Աստծո Հոգին շարժվում էր ջրերի երեսին: Եվ Աստված ասաց. «Եղիցի՛ լույս»… Ծննդոց 1.1-3

   Մեր մարդկային սահմանափակ միտքը երբեք չի կարող պատկերացնել Աստվածաշնչում գրված առաջին այս տողերը: Մեր երևակայությունն ու միտքը սկսում է աշխատել միայն այն բանից հետո, երբ Աստված ասում է՝ «Եղիցի՛ լույս»… Լույսը, որ արարչագործության առաջին ծնունդն է, ցրում է խավարը, երկրի վրա տիրող քաոսը: Այն բացում է արարչագործության պսակի՝ մարդու աչքերը: Եվ վերջինս սկսում է տեսնել Աստծո արարչագործությունը: Այս լույսի մեջ ստեղծված յուրաքանչյուր բան բարի է և կատարյալ: Ինչ որ գալիս է դեպի այս լույսը՝ գալիս է դեպի բարին, դեպի երկնայինը:

   Դուք եք աշխարհի լույսը… Սա կոչում է, որ Աստված այսօր տալիս է մեզնից յուրաքանչյուրին՝ «Լերո՛ւք լույս» (Լույս եղե՛ք): Նշանակում է այսօր աշխարհի վրա կա՛ խավար, քաոս, կա՛ մի փոքրիկ անկյուն, ինչպես որ աշխարհի արարումից առաջ էր, որը լուսավորության կարիք ունի: Մենք կատարո՞ւմ ենք այսօր մեր «պաշտոնը», թե Հովնան մարգարեի նման թաքնվել ենք խոր տեղերում: Սակայն մենք չենք կարող թաքնվել, ինչպես որ Հովնանը չկարողացավ, որովհետև լեռան վրա շիված քաղաքը չի կարող թաքնվել և լույսը չենք կարող կաթսայի տակ թաքցնել: Այն պետք է բարձր աշտանակի վրա դնել: Որտե՞ղ ենք մենք: Կաթսայի տա՞կ, թե՝ աշտանակի վրա: Ուրմեն եկե՛ք դուրս գանք մեր թաքստոցներից և բարության ու սիրո լույսը, որ կրում ենք մեր մեջ, սփռենք մեր շրջապատում, մեր հայրենիքում: Դուրս գանք և թող մեր լույսը փայլի խավարի մեջ և ցրի մեր շուրջը եղող քաոսը:

«Եվ սեղմենք մի կոճակ

Եվ մարդկանց հոգում

Ծաղիկների պես լույսերը ծաղկեն:

Եվ ստվերները

Դառնան ցայտաղբյուր ճառագայթների…

Ու եթե լինի՛,

Հենց այդպես լինի,

Իզուր չենք գոչի «Եղիցի՛ լույս»,

Այլ կշշնջանք արդեն «Եվ եղև»: Պ. Սևակ

Լիլիթ Անտոնյան