Աստղային գիշեր. Վինսենթ Վան Գոգ

  Հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգը ծնվել է 1853 թ. մարտի 30-ին, հոլանդական Զունդերտ գյուղում բնակվող հոգևոր հովվի ընտանիքում, որտեղ սկսած 16-րդ դարից սերնդե սերունդ զբաղվում էին արվեստի ստեղծագործությունների առևտրով: Երիտասարդ տարիներին աշխատել է արվեստի գործերի առևտրով զբաղվող ընկերությունում: Ավելի ուշ՝ ուսուցչի կարճատև աշխատանքից հետո, ուղևորվել է Բորինաժ (Բելգիա) և սկսել է որպես քարոզիչ աշխատել հանքահորային աղքատ մի տարածաշրջանում: Գեղանկարչության ոլորտում իր ստեղծագործական գործունեությունը սկսել է 1880 թ., երբ 27 տարեկան էր: 

 

 

  Վան Գոգի կյանքում առանցքային դեր է խաղացել նրա եղբայրը՝ Թեո վան Գոգը, ով զվաղվում էր արվեստի ստեղծագործությունների առևտրով և ֆինանսապես աջակցում էր նկարչին: 

  Վան Գոգն արվեստի էքսպրեսիոնիզմ (արվեստագետի ներաշխարհի և նրա անհատական ապրումների արտահայտումը) ուղղության հիմնադիրը և հետիմպրեսիոնիզմի  վառ ներկայացուցիչներից մեկն է: 

 

 

  Վան Գոգը դժվար կյանք է ունեցել, նույնիսկ կյանքի մի քանի տարիները ստիպված է եղել անցկացնել հոգեբուժարանում: Սակայն հենց այստեղ է նկարել իր ամենահայտնի և ամենաշատ կրկնօրինակված սեղծագործություններից մեկը՝ «Աստղալից գիշերը»: Շատ արվեստագետներ փորձել են մեկնաբանել այս նկարը: Տարածված տեսակետներից մեկն այն է, որ նկարի գլխավոր բաղադրիչները լուսինն ու աստղերն են, որոնք պատկերված են առավել արտահայտիչ և միանգամից գրավում են դիտողի ուշադրությունը: Բացի դա, Վան Գոգի օգտագործած իմպաստո տեխնիկան՝ ներկի տեղադրումը թանձր շերտով, տպավորություն է ստեղծում, թե դրանք շարժման մեջ են: Հնարավոր է նաև, որ երկինքը ներկայացնում է աստվածաշնչյան պատմություն, երբ Հովսեփը, իր երազը պատմելով 11 եղբայրներին, ասում է. «Կարծես արևը, լուսինը և 11 աստղերը երկրպագում էին ինձ»:

 

  Հետևի պլանի տնակները հիշեցնում են այն գյուղը, որտեղ նա ապրել է մանկության տարիներին, իսկ եկեղեցին հիշեցնում է Վան Գոգի անկատար երազանքը: Անհնար է ուշադրություն չդարձնել ձախ կողմում պատկերված սև կիպարիսներին, որոնք կարծես պոկվել են գետնից և ձգվում են վեր: Այդ ծառերը ցույց են տալիս նկարչի հոգեկան վիճակը՝ աշխարհից մեկուսացած լինելը: «Աստղալից գիշերը» Վան Գոգի հայացքն է կյանքին: Չնայած կտավը վառ ու դրական գույներով է ներկված, սակայն եթե նայենք առանձին կտորներով, ապա կտեսնենք նկարչի ներքին պայքարը, թե ինչպես է նա փորձում արտաքին աշխարհի հետ կապ պահել:

 

  Նկարը 1941 թ-ից գտնվում է Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում: