Որտեղի՞ց է առաջացել սաքսոֆոնը

  Սաքսոֆոնների ընտանիքը ստեղծվել է 1842 թվականին Ֆրանսիայում բելգիացի երաժշտական վարպետ Ադոլֆ Սաքսի կողմից, որի ազգանունից էլ առաջացել է Սաքսոֆոն անունը։ 19-րդ դարի կեսերից սաքսոֆոնը գործածվում է փողային, հազվադեպ՝ սիմֆոնիկ նվագախմբում, ինչպես նաև որպես սոլո գործիք՝ անսամբլի ուղեկցությամբ։ Հանդիսանում է ամենատարածվածը ջազի, ինչպես նաև էստրադային երաժշտության հիմնական գործիքներից մեկը։ Գործիքն ունի հզոր հնչողություն և մեծ տեխնիկական շարժունակություն։

 

 

   Սաքսոֆոնային ջազի նախահայրերից մեկը Չարլի Պարկերն է, նրա օրոք Սաքսոֆոնը դարձավ ամենահայտնի ջազային գործիքներից մեկը։ Առաջին անգամ օպերայում սաքսոֆոնը ներգրավել է Ջորջ Գեռշվինը։ Առաջին անգամ Հայկական սիմֆոնիկ և օպերային ստեղծագործություններում սաքսոֆոնը ներգրավել է Արամ Խաչատրյանը։

  Սաքսոֆոնների ընտանիքը բաղկացած է, հիմնականում, 7 գործիքից՝ սոպրանինո, սոպրանո, ալտ, տենոր, բարիտոն, բաս և կոնտրոբաս։ Որպես մենակատար առավել տարածված է ալտ սաքսոֆոնը։ Ունի թավ, հյութեղ, ինքնատիպ տեմբր, որ ավելի մոտիկ է փայտյա փողայիններին։ Ադոլֆ Սաքսը հանդիսանում է նաև պղնձյա փողային գործիքների ընտանիքի, Սաքսոգոռների կառուցող։