Լեոնիդ Ենգիբարյան

  Կրկեսը թատերարվեստի հնագույն ձևն է։ Զարգացել է Հին Արևելքի երկրներում, Հին Հունաստանում և Հին Հռոմում։ Նախքան եվրոպական միջնադարյան թատրոնի ձևավորումը (4-10-րդ դդ.)՝ այն եղել է թատերական արվեստի հիմնական տեսակը։

 

  Հայկական կրկեսը ևս ունի շատ հին պատմություն։ Գրական սակավաթիվ վկայություններից ամենահինը վերաբերում է V դարին (Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց», Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց» և այլն)։ «Մի ուրիշը, - գրում է Եզնիկ Կողբացին, - արջի ձախը աճեցնելով, վարժեցնում է որպես պարող ու նմանեցնելով մարդկանց բնավորությանը՝ մեղմացնում է գազանաբարոյին: Եվ ուրիշները, բռնելով անապատային կապիկները, նրանց վարժեցնում են որպես խեղկատակներ, դիմածռիկներ և խիստ չարաճճիներ: Ոմանք էլ իժակերպ արքայական օձերը բռնում, կախարդություններով ընտելացնում են մարդկանց` ոչնչացնելով նրանց մահացու թույները»: Հայկական կրկեսը դարերի ընթացքում զարգացում է ապրել և հասել մինչև մեր օրերը։

 

 

  Կրկես են կոչվում նաև կրկեսային ներկայացումների համար նախատեսված շենքերը։ 1930 – ական թթ. Երևանում եղել է փայտաշեն ժամանակավոր կրկես, որը գտնվել է ներկայիս կրկեսի շենքի տեղում։ Երևանի կրկեսն ունեցել է բազմաթիվ տաղանդավոր արտիստներ, որոնցից շատերին հնարավոր է, որ մենք այսօր չենք ճանաչում։ Սակայն հայկական կրկեսի ծաղրածուների արքա, մնջախաղի մեծ վարպետ Լեոնիդ Ենգիբարյանին սիրում և ճանաչում են շատերը։

 

  Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935 թ. մարտի 15 – ին, Մոսկվայում։ Նախքան իր հոգուն հարազատ մասնագիտությունը գտնելը՝ նա բազմաթիվ այլ մասնագիտություններ է փորձել։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ձկնային տնտեսության ինստիտուտում։ Այնուհետև ընդունվել և ավարտել է Ֆիզկուլտուրայի ինստիտուտը։ Դժվար է պատկերացնել, բայց այստեղ նա ձեռք է բերել բռնցքամարտիկի մասնագիտություն։ Այս բնագավառում նա շատ մեծ հաջողություններ է գրանցել։ Սակայն 1955 թ., երևի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներից մի քանի հարված ստանալուց հետո, նրա մեջ արթնացել է «Լեոնիդ Ենգիբարյան ծաղրածուն»։ Ընդունվել է Կրկեսային բաժին՝ որոշելով թողնել ամեն ինչ, գալ Երևան ու ընդունվել հայկական կրկեսխումբ։ Լեոնիդ Ենգիբարյանը պատմում է. «Երբ ստեղծում էի իմ ծաղրածուական կերպարը, ինձ հաջողվեց նրան օժտել մարդկային հատկություններով՝ ի տարբերություն մեր տեսած ծաղրածուական դիմակներից շատերի։ Ծաղրածուների կաղապարային դիմակներում բացակայում է մարդկային բնավորությունը, հետևաբար նաև՝ թախիծը։ Նման դիմակներում կա միայն հերթապահ ծիծաղ։ Հետևաբար՝ չկա մարդը։ Իսկ իմ հերոսը մարդ է։ Այդ պատճառով ծիծաղում է, տառապում, թախծում և իրեն պատասխանատու զգում շուրջը կատարվող ամեն ինչի համար»։

 

 

  Ենգիբարյանի տարերքը մնջախաղն էր և նա ստեղծել է իր` ենգիբարյանական մնջախաղը: «Համաձայն չեմ, որ մնջախաղը կոչվի «լռության արվեստ»։ Ինձ թվում է՝ շարժումն ու դիմախաղն իրենց հնչողությունն ունեն, ինչպես գույնը։ Մնջախաղը հրաշալի է նրանով, որ մարդուն ստիպում է մտածել, մնջախաղը վստահում է մարդուն և նրան բարձրացնում սեփական աչքերում։ Այն կենտրոնացնում է մարդու ուշադրությունը և բորբոքում նրա երևակայությունը։ Հետո էլ բեմ է դուրս գալիս ներկված դեմքով տարօրինակ ու զվարճալի մի մարդ, ծիծաղեցնում մեզ ու հաճախ ինքն արտասվելով հեռանում», - ասում էր նա։

 

  Լեոնիդ Ենգիբարյանը, թեև արդեն կենդանության օրոք բավական ճանաչված և հայտնի էր, սակայն ապրում էր շատ զուսպ կյանքով, ինչը նրան բնավ չէր խանգարում, որ հանդիպած յուրաքանչյուր աղջկա ծաղիկ նվիրի ու գեղեցիկ հաճոյախոսություններ անի։ Սիրում էր բոլոր – բոլոր աղջիկներին, և քանի որ չէր կարող ամուսնանալ բոլորի հետ միասին, որոշեց ընդհանրապես չամուսնանալ։ Լեոնիդ Ենգիբարյանն իր ամբողջ կյանքում երեխա մնաց։

 

 Բարեբախտաբար պահպանվել են Ենգիբարյանի շատ ֆիլմերի ու ներկայացումների տեսագրություններ, ինչպես նաև նրա փոքրիկ և հրաշալի նովելները։ Ասում են՝ վարպետը նա է, ով աշակերտներ ունի։ Լ. Ենգիբարյանն ունեցավ բազմաթիվ շնորհալի հետևորդներ, որոնք մինչև այսօր էլ շարունակում են մեծ արտիստի արվետը։ Նրան աշխարհը կոչեց «բոլոր ժամանակների ծաղրածու»։ Դերասան և սցենարիստ Միրոսլավ Հորնիչեկը նրա մասին ասել է. «Հազարավորներ գալիս, շարունակ խոսում և ոչինչ չեն ասում։ Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց»։