Մոմիկ

  Գրիչ, մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը (մահ. 1339 թ.) Գլաձորի մանրանկարչության դպրոցի XIII դարի վերջի և XIV դարի առաջին կեսի նշանավոր ներկայացուցիչներից է։ Ծնվել է Ուլգյուրում (միջնադարյան հնագույն բնակավայր է, որի հին անվանումն առայժմ անհայտ է)։ Աշակերտել է Հովասափ կուսակրոն քահանային, սովորել Գլաձորի համալսարանում։ Ստեղծագործել է հիմնականում Վայոց ձորի Աղբերց վանքում, ապա Սյունյաց մետրոպոլիտական նստավայր Նորավանքում՝ հանդիսանալով  զորեղ Օրբելյան իշխանական տան քարտուղարը, գլխավոր նկարիչը, ճարտարապետն ու քանդակագործը: Վաղ շրջանում հավանաբար ստեղծագործել է նաև Կիլիկիայում։

 

 

  Մոմիկի մասին շատ քիչ կենսագրական տվյալներ կան: Նա գործել է 1283-1339 թթ.: Այդ տարիներին բազմաթիվ մանրանկարներ է ստեղծել, սակայն մեզ է հասել միայն երեք վավերական և մեկ անստորագիր ձեռագիր։ Նրա լավագույն աշխատանքներից են Նորավանքի Ավետարանը (1292 թ., ընդօրինակել և նկարազարդել է) և 1302 թ. «Պատերազմի Ավետարան»-ը։ Սակայն ենթադրվում է, որ մանրանկարիչը ծաղկել է նաև 1283 թ.-ին ընդօրինակված «Կեռան թագուհու Ավետարանը» (Երուսաղեմի Սբ. Հակոբյանց վանքի մատենադարան) և Դավիթ գրչի հիշատակարանում (1287 թ., Թեղենյաց վանք) նշված «Մոմիկի շքեղազարդ» մատյանը։ 

 

  Մոմիկը նաև ինքնատիպ ճարտարապետ էր, ինչը տեսանելի է նրա նախագծած եկեղեցիների օրինակով՝ Արենիի Սբ. Աստվածածինը և իր ժամանակի համար ամբողջապես նորաոճ Նորավանքի Բուրթելաշենը՝ Բուրթել իշխանի կառուցած երկհարկ դամբարան-եկեղեցին՝ Սբ. Աստվածածինը, որը կառուցվել է որպես Օրբելյանների տոհմական տապանատուն (1339 թ.)։ Այն Մոմիկի վերջին շրջանի աշխատանքներից է։

 

 

  Մոմիկին են վերագրում նաև Ստեփանոս Օրբելյանի՝ Տաթևում հիմնած Սբ. Գրիգոր Լուսավորիչ և մի քանի այլ եկեղեցիներ։ Նա նաև նշանավոր քանդակագործ էր։ Հայտնի են նրա պատկերաքանդակները Արենիում և Նորավանքում:

 

  Ի դեպ, Մոմիկն իր աշխատանքներում անունից հետո գրում է «վարդպետ», այն է՝ «ճարտարապետ»։ Իսկ «Մոմիկ» մականունը նրան տվել է մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանը։ Վերջինս մի անգամ Նորավանքում մրցույթ է կազմակերպել՝ 40 քարգործների մասնակցությամբ՝ որոշելու համար, թե ով ավելի արագ կքանդակի մեկ մատնաչափ խաչ։ Հաղթել է 16-ամյա մի պատանի՝ ապագա Մոմիկը։ Տեսնելով դա՝ Ստեփանոս Օրբելյանն ասել է. «Եթե քարը նրա կամքին ենթարկվում է մոմիկի պես, ապա եկեք նրան և՛ հաղթողի մրցանակը տանք, և՛ «Մոմիկ» մականունը»: