Խորեն Տեր-Հարության

     Երևանի Օղակաձև այգում ( Ս. Գրիգոր Լուսավորչի Մայր եկեղեցու հարևանությամբ) տեղադրված հետաքրքիր արձանը կոչվում է «Վերածնված Հայաստան»: Հեղինակը միգուցե շատերիդ համար անհայտ, սակայն աշխարհին հայտնի  հայազգի քանդակագործ Խորեն Տեր-Հարությանն է։ 

Խորեն Տեր-Հարությանը ծնվել է 1909 թ. մարտի 2-ին, Արևմտյան Հայաստանի Խարբերդի գավառի Աշոտավան /Աշվան/ գյուղում: Սակայն Հայոց Մեծ Եղեռնի տարիներին ընտանիքի ողջ մնացած անդամների հետ գաղթել է Արևմտյան Հայաստանից։

 

    1921 թ. Խորենը  ընտանիքի հետ տեղափոխվում է ԱՄՆ: Հաստատվում է Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում: 13-ամյա տղան դպրոց է հաճախում, նաև աշխատանքի է անցնում նախ՝ որպես կոշիկ մաքրող, այնուհետև՝ փողոցում լրագիր վաճառող: Ու մի օր նկատում է այդ փողոցում գտնվող նկարչի խանութը: Արագ մտերմանալով նկարչի հետ՝ պատանի Խորենը սկսում է ընդօրինակել նրան ու կարճ ժամանակում իր վարպետությամբ և աշխատասիրությամբ զարմացնում վարպետին: Ամեն ինչ որոշված էր. Խորենը պիտի նկարիչ դառնար, հետագայում՝ հրապուրվեր քանդակով:

«Հովնան մարգարեն» 1956թ. մարմար

 

   Նրա ստեղծագործական ուղին սկզբնավորվում և ձևավորվում է արտասահմանում, մասնավորապես՝ Լատինական Ամերիկայի Ջամայկա կղզում, որտեղ ստեղծում է հարուստ գունապնակով գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, ինչպես նաև Ջամայկայի կարծր փայտատեսակներից կերտում բազմաթիվ քանդակներ:

   Ու երբ արդեն հայտնի քանդակագործ էր, 1970 թվականին առաջին անգամ այցելում է Հայաստան: Հաջորդ տարի Տեր-Հարությանը Երևանի արվեստասեր հանրությանը ներկայանում է Նկարչի տանը բացված անհատական ցուցահանդեսով: 1983 թվականին արվեստագետն իր միջոցներով ԱՄՆ-ից Հայաստան է տեղափոխում և հայրենիքին նվիրում շուրջ 250 քանդակ:

   Խորեն Տեր-Հարությանն իր աշխատանքները քիչ է նվիրել կամ վաճառել նրա նպատակը դրանք հավաքելն էր ու Հայաստան բերելը։ Նա միշտ ասում էր «Ես չեմ մասնակցել այս երկրի կառուցմանը, միշտ պարտքի զգացողություն եմ ունեցել իմ հայրենիքի հանդեպ»: Երջանկությունից շողում էր, երբ հայրենիքում բացվեց իր աշխատանքների մշտական ցուցադրությունը:

  Քանդակագործի ստեղծագործության առանցքային թեմաներն էին՝ ընտանիքը, մայրությունը, եղեռնը, պատերազմը: «Ամբողջ կյանքիս ընթացքում ինձ հուզել է եղեռնը, և թեև մի քանի անգամ անդրադարձել եմ այդ թեմային, դա ինձ չի բավարարել ցանկացել եմ մի արժանի հուշարձան կանգնեցնել»,- ասել է քանդակագործը:  

   Արվեստագետը մասնակցել է համաշխարհային շատ ցուցահանդեսների թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Եվրոպայում՝ ցուցադրվելով հայտնի արվեստագետների՝ Պաբլո Պիկասոյի, Ժակ Լիպշիցի և այլոց հետ:

  Նրա մասին հայ քանդակագործության տիտաններից մեկը՝ Երվանդ Քոչարը, ասել է. «Սիրելի՛ Խորեն, դու իրոք շատ «խորեն» ես մոտենում քո գործին, արվեստի շնչով իմաստավորում ես ձևը: Հայ արձանագործության պատմության մեջ, սկզբից մինչև մեր օրերը, ես առաջին անգամ եմ տեսնում մի արձանագործի, որ իր հայությունն առնչում է համաշխարհային արձանագործության հետ: Շնորհակալություն, սիրելի՛ Խորեն: Դու հայ ես, լավ, ազնիվ հայ, քո սիրտն օտար ափերում տրոփում է հայավարի։ Խորե՛ն, դու բուն իմաստով արձանագործ ես, իսկական հայ արձանագործ»:

   Իր ողջ կյանքում Խորենը հիշում է հոր խրատը. «Այս կյանքում հարատևելու համար անհրաժեշտ է ուժգին հավատ ունենալ Աստծո նկատմամբ, խնամքով փայփայել համբերելու առաքինությունը և ամեն ինչին դիմանալու վճռականություն ցուցաբերել»:

  Խորեն Տեր-Հարությանը վախճանվել է 1991 թվականին Նյու Յորքում, դժբախտ պատահարի՝ ավտովթարի հետևանքով։