Մեր առաջնորդները. Անահիտ Սիմոնյան

  Ես Անահիտ Սիմոնյանն եմ: Ծնվել եմ 1990 թ. հուլիսի 9-ին,  քաղաք Երևանում: Վեց տարեկան էի, երբ քույրիկս, ով հաճախում էր Երևանի ՀԱԹ-ի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու պատանեկան դպրոց, ինձ իր հետ տարավ եկեղեցի, որպեսզի ես էլ մասնակցեմ կիրակնօրյա դպրոցին: Դա սկզբում իր ցանկությունն էր, սակայն հետո դարձավ իմը:

 

  Հաջորդ տարի, երբ արդեն 7 տարեկան էի, առաջին անգամ գնացի ճամբար: Այնտեղ վայելում էի ամեն մի օրը, ծրագիրի յուրաքանչյուր բաժինը: Ամբողջ տարին սպասում էի, թե երբ է նորից ամառ գալու, որպեսզի ճամբար գնամ: Ճամբարում ինձ զգում էի անկաշկանդ և ուրախ: Ուշադիր հետևում էի առաջնորդներին և երազում՝ «Մի օր ես էլ եմ դառնալու առաջնորդ»: 

 

 

 

  Թե՛ կիրակնօրյա, թե՛ պատանեկան դպրոցների ժամանակ միշտ ժամանակից շուտ էի գնում և օգնում էի առաջնորդներին, հետո էլ մնում և կարգի էի բերում սրահը: Բայց ծառայության առաջին քայլերս սկսել եմ 12 տարեկանում` թատերական խմբակից, երբ ստանձնեցի այդ փոքրիկ խմբի ավագությունը: Իմ պարտականությունն էր յուրաքանչյուր մանկական և պատանեկան հանդիպումներին փոքրիկ ներկայացում բեմադրել: Դա ինձ համար անհասանելի և շատ բարդ ծառայություն էր թվում, իսկ հետո` հետաքրքիր և սպասված, քանի որ շատ աղոթում էի և խնդրում Աստծո օգնությունը:

 

  Ճամբարային ծառայության առաջին փորձն ունեցել եմ 14 տարեկանում: Այդ տարի ճամբար էի գնացել որպես պատանի, սակայն անհրաժեշտություն եղավ որոշ ծառայությունների մեջ օգնելու: Խաղում էի ներկայացումների մեջ, փառաբանությունն էի առաջնորդում և օգնում էի խաղերում: Աննկարագրելի ուրախ էի այդ առիթով: Չէի կարողանում հավատալ, որ ինձ նման ծառայություն են վստահել: Իրականում շատ փոքր բան էի անում, բայց ինձ համար այն շատ կարևոր էր թվում: Ամենայն պատասխանատվությամբ և  լրջությամբ էի անում ինձ տրված յուրաքանչյուր ծառայություն: Ճամբարը դարձավ իմ սիրելի վայրերից մեկը: Սովորաբար շատ ծանրաբեռնված եմ լինում այնտեղ, բայց չեմ հոգնում, որովհետև կարողանում եմ դրսևորել իմ բոլոր տաղանդները, որ Աստված է ինձ շնորհել: Ճամբարում սովորել եմ ինքնուրույնություն, կարգ ու կանոն, մարդկանց հետ հարաբերություններ կառուցելու հմտություններ: Եվ, որ ամենակարևորն է, սովորել եմ տեսնել Աստծո սիրո դրսևորումը բնության մեջ և զգալ Նրա տևական ներկայությունը այդ խաղաղ մթնոլորտում: