Սեպտեմբերի 27-ը կիրակի էր: Առավոտյան արթնանալուն պես աղոթեցի, ապա պատրաստվեցի, որ գնամ եկեղեցի՝ կիրակնօրյա ծառայության: Դեռ տանն էի, երբ համացանցում կարդացի, որ «հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել սահմանի ողջ երկայնքով»: Փորձեցի ինձ համոզել, որ սա չափազանցված է, իրականում միգուցե փոքր ընդհարում է, բայց ներքուստ զգում էի, որ սկսվել է այն, ինչը մի անգամ տեսնելուց հետո կյանքում չէի ցանկանում, որ նորից կրկնվեր:
Իմ ընտանիքում, շրջապատում ամենալավը ես էի պատկերացնում, թե ինչ է պատերազմը և թե ինչ է բոլորիս սպասվում: Ասեմ, որ ինձ համար, ինչպես և շատ հայ տղաների, բավականին դժվար էր հանգիստ ապրել և զբաղվել առօրյա գործերով, երբ մեր ընկերները հենց այդ նույն պահին համառ պայքար էին մղում մեր երկրի սահմանների համար: Ցանկությունս շատ մեծ էր՝ ամեն կերպ օգնության հասնելու մեր հերոս տղաներին: Ուստի ամեն ջանք գործադրեցի, որ հասնեմ նպատակիս։ Այն օրը, երբ նստեցինք մեքենաները և շարժվեցինք այն վայրը, որտեղից պետք է ստանայինք անհրաժեշտ հանդերձանքն ու զենքը, անսովոր հանգստություն էր իջել վրաս: Հենց ճանապարհին սկսեցի աղոթել. «Տեր, պատրաստ եմ ցանկացած տեղ գնալ, միայն թե ինձ հետ լինես…»: Աղոթքից հետո անընդհատ նույն միտքն էր գալիս՝ եթե նույնիսկ մահվան շուքի ձորի մեջ լինեմ, չեմ վախենալու: Բայց նախ պետք է հասկանայի, թե իրականում ինչ է մահվան շուքի ձորը, ապա նոր համոզվեի՝ վախենո՞ւմ եմ, թե՞ ոչ:
Մի քանի օր սպասելուց հետո՝ Հոկտեմբերի 1-ի առավոտյան, իմացանք, որ այդ օրը բոլորս պետք է մեկնենք Արցախ և մասնակցենք պատերազմական գործողություններին: Որոշված էր՝ ով որ մեքենայով է գնալու: Երեկոյան շարժվեցինք: Մոտ մեկ ժամ էր անցել, երբ ճանապարհին բոլոր մեքենաները կանգնեցրին, մոտեցան մեր մեքենային և ասացին, որ ես պետք է իջնեմ մեքենայից. «Չգիտենք՝ ոնց է եղել, բայց հրաման է փոխվել, և դու այսօր չես գալիս մեզ հետ, մնում ես այստեղ»: Չէի հասկանում՝ ինչ է կատարվում, բայց վստահ էի, որ ցանկանում եմ տղերքի հետ մնալ: Շատ էի մտերմացել նրանց հետ, չէի ուզում նրանց մենակ թողնել: Բացի այդ, ինձ բավականին ծանոթ վայր էին մեկնում, ուր մի քանի տարի առաջ «բախտ էր վիճակվել» կրկին մարտական գործողությունների մասնակցելու: Ուստի վստահ էի, որ շատ օգտակար կլիներ իմ ներկայությունն այնտեղ: Խնդրեցի, համոզեցի, որ իրենց հետ մեկնեմ, բայց ամեն բան ապարդյուն էր:
Հաջորդ օրն արդեն տեղեկացա, որ այն մեքենան, որի մեջ էի նաև ես, տեղ հասնելուց մի քանի ժամ հետո անհետացել է՝ ոչ մեքենան կա, ոչ էլ անձնակազմը… մինչ օրս: Ցավն անտանելի էր. կորցրել էի ընկերներիս, ովքեր դեռ մի օր առաջ կողքիս էին, նրանց հետ պետք է լինեի նաև ես… Վստահ էի, որ Աստված ինչ-որ ծրագիր ունի ինձ հետ, բայց ոչինչ չէի հասկանում: Ինձ տեղափոխեցին մեկ ուրիշ խումբ, որը մի ապահով վայրում օրեր շարունակ սպասում էր ռազմաճակատ մեկնելու հրամանին։ Այդ ողջ ընթացքում մի միտք էր ինձ տանջում՝ պատերազմը չի ավարտվելու այնքան ժամանակ, քանի դեռ ես չեմ մասնակցել ռազմական գործողություններին: Վերջապես (hոկտեմբերի 17-ն էր) եկավ ռազմաճակատ մեկնելու հրամանը, բայց, ի զարմանս ինձ, պարտադիր ճակատ պետք է մեկնեին միայն զինվորները, իսկ մեր յոթ հոգանոց կամավորական խմբից յուրաքանչյուրն ազատ էր իր որոշման մեջ: Ներքին տագնապս հաղթահարելով՝ որոշեցի մեկնել, քանզի ավելի լավ է Աստծո հետ պատերազմի դաշտում, քան ցանկացած թվացյալ ապահով վայրում՝ առանց Աստծո: Մեկ օր անց արդեն տեղում էինք: Անբացատրելի ու աներևակայելի զգացում է, երբ տեսնում ես, թե ինչպես են անդադար մեքենաներ անցնում՝ տանելով բազմաթիվ զոհեր ու վիրավորներ և գիտակցում, որ շուտով դու ես գնալու այնտեղ, որտեղից այդ մեքենաներն էին լավագույն դեպքում դուրս գալիս: Ու այնքան արագ եկավ այդ պահը…
«Արագ նստեք, շարժվում ենք… Աստված տա՝ տեղ հասնենք գոնե…»: Վերջին մտքից հասկացա, որ շատերը նույնիսկ տեղ չեն հասնում. ճանապարհին զոհվում են: Ամբողջը պատմելու չէ, բայց դա մի տեղ էր, որտեղ վայրկյանների կարևորությունն էիր հասկանում ու գնահատում, որտեղ մարդկանց ավելի ուշադիր ու շատ էիր նայում, որովհետև կարող էիր այդ մարդկանց այլևս չտեսնել, որտեղ կրակոցի ձայնից պառկում ու փակում էիր աչքերդ և պայթյունից հետո աչքերդ բացելն ու տեղից վեր կենալն արդեն իսկ հրաշք էր: Հասկացա, որ սա էլ մի մահվան շուքի ձոր էր: Բայց նաև հասկացա, որ վախ է իջել վրաս՝ չնայած որ ամբողջ ճանապարհին կրկնել էի, որ չեմ վախենալու:
Վախենում էի, որովհետև մի պահ մոռացել էի Աստծո ներկայության մասին, մոռացել էի որ Աստված իմ ձեռքից պինդ բռնած է: Վախս անցավ: Հիշեցի սուրբգրային խոսքը. «Կանչիր Ինձ նեղության օրը, Ես քեզ կազատեմ, ու դու կփառաբանես Ինձ»: Տարբեր վայրերում եղանք այդ օրերին, և ամեն անգամ փառք էի տալիս Աստծուն, երբ տեսնում էի, թե ինչպես են բոլորն աղոթում ցանկացած ճանապարհից առաջ, և ինչպես էին օրվա վերջում գոհանում Աստծուց՝ իրենց հետ լինելու համար: Մեր 24 հոգանոց խումբը ողջ և առողջ հետ վերադարձավ պատերազմից, 24 հոգի, նոր կյանք ստացած, հետ եկավ: Շատերի կյանքը փոխվեց, շատերը ճանաչեցին Աստծուն և շատերը վերաիմաստավորեցին և արժևորեցին իրենց կյանքը, որն Աստծո կողմից էր տրված: Տերը ողորմացել ու փրկել էր մեզ, և հերթը մերն է՝ փառաբանելու Աստծուն: Կարևոր չէ, թե որտեղ կլինես, ինչ իրավիճակում կհայտնվես, կարևոր է, որ պինդ բռնած լինես Աստծո ձեռքը, ամեն բան հանձնես Նրան, և ուղղակի հնազանդվես Նրա ձայնին ու քայլես Նրա ճանապարհներով:
Եթե անգամ մահվան ստվերի ձորից անցնեմ,
չարից չեմ վախենա, քանի որ Դու ինձ հետ ես…
Սաղմոս 23.4
Հայկ Էդիլյան, ք. Իջևան