Կար մի ժամանակ, երբ ողջ Երկրի վրա մեկ լեզու, մեկ խոսվածք էր: Արևելքից տեղաշարժվելու ժամանակ մարդիկ Սենաար երկրում մի հարթավայր գտան և բնակվեցին այնտեղ: Նրանք, միմյանց դիմելով, ասացին. «Եկե՛ք աղյուսներ շինենք և կրակով թրծենք»: Աղյուսները նրանց համար իբրև քար ծառայեցին, իսկ կուպրը՝ որպես շաղախ:
Նրանք ասացին. «Եկե՛ք մեզ համար քաղաք կառուցենք և աշտարակ, որի գագաթը մինչև երկինք հասնի և մեզ համար համբավ վաստակենք, որպեսզի ամբողջ երկրով մեկ չցրվենք»: Տերն իջավ մարդկանց որդիների շինած քաղաքն ու աշտարակը տեսնելու: Տերն ասաց. «Ահա ժողովուրդը մեկ է, և բոլորը մի լեզու ունեն, և ահա սկսեցին այս անել, և հիմա նրանց զսպող ոչինչ չկա՝ իրենց նպատակադրածն ի կատար ածելու: Եկե՛ք իջնենք ու խառնակենք նրանց լեզուն, որ մեկմեկու խոսածը չհասկանան»: Տերը նրանց այնտեղից ցրեց ամբողջ երկրի երեսով մեկ, և դադարեցրին քաղաքը կառուցել: Դրա համար այն կոչվեց Խառնակություն (Բաբելոն), որովհետև Աստված այնտեղ խառնեց ամբողջ երկրի լեզուն և այնտեղից ցրեց ողջ աշխարհով մեկ:
Մարդկանց հպարտության պատճառով Աստված խառնեց նրանց լեզուն և ցրեց աշխարհով մեկ: