Հայաստանյայց Ավետարանական եկեղեցի

  Հայ Ավետարանական եկեղեցին կազմավորվեց 1846թ. հուլիսի 1-ին՝ Կ.Պոլսում և կոչվեց «Հայաստանյայց Ավետարանական եկեղեցի»: Պոլսի Պատրիարքարանի շրջանակի մեջ կազմված «Բարեպաշտից Միություն»-ը Հայ Ավետարանական շարժման նախակարապետը եղավ, որը միտում ուներ բարեկարգված տեսնել Հայ Առաքելական Եկեղեցին: «Հայաստանեայց Ավետարանական Եկեղեցին» շուտով տարածվեց հայ ազգի մեջ, ներկայիս Թուրքիայի և Հայաստանի ամբողջ տարածքում, որտեղ ապրում էր հայ ժողովուրդը: Հիմնվեցին նոր եկեղեցիներ, բարձրագույն ուսումնական և աստվածաբանական կրթարաններ, որոնց նպատակն էր դաստիարակել սերունդներ և պատրաստել նոր առաջնորդներ՝ եկեղեցիների և այլ առաքելությունների համար: Հիմնված նոր եկեղեցիներն ու կրթական հաստատությունները վայելում էին համաշխարհային զանազան բարեկարգյալ եկեղեցիների օժանդակությունը և տարիներ շարունակ ստանում էին նրանց թե՛ բարոյական, թե՛ նյութական աջակցությունը: Առաջին աշխարհամարտի նախօրեին ավետարանական հայերի թիվը Օսմանյան կայսրությունում կազմում էր ավելի քան 60 հազար: Այս զարգացումը տևեց մինչև Մեծ Եղեռն, երբ Հայ Ազգը ենթարկվեց ցեղասպանության և տարագրումի:  Հայ Ավետարանական Եկեղեցին ևս Թուրքիայի տարածքում ենթարկվեց ջարդի՝ իր հիսուն հազարից ավելի ժողովրդով, և վերջապես՝ ազգի հետ տարագրվեց: Չնայած այս դժվարություններին Ավետարանական եկեղեցին շարունակեց իր գործունեությունն ընդգրկելով ավելի լայն տարածքներ:

 

 

  Հայ Ավետարանական եկեղեցու 175 տարվա պատմությունը հաստատում է, որ այն քրիստոնեական հավատքի, աստվածային սիրո և աստվածապաշտության հավաքականություն է, որի առաքելությունն է՝ նվիրվածությունը Աստծուն, քրիստոնեությանը, հայ ժողովրդին և Հայրենիքին:

 

  Մեզ մոտ՝ Արևելյան Հայաստանում, Հայ Ավետարանական առաջին շարժումը սկսվեց 1823թ.-ին՝ Շուշիում, որի արդյունքում, ավետարանականների անմիջական նախաձեռնությամբ, բացվեցին դպրոցներ, հիմնվեց տպարան և աշխարհաբար արևելահայերենով հրատարակվեցին  հանրամատչելի կրոնական գրքեր: Այնուհետև դպրոցներ բացվեցին նաև մի շարք գյուղերում:

 

  1918-30թթ., Արևելյան Հայաստանում կային հազարավոր Հայ Ավետարանական քրիստոնյաներ: 35 համայնքներն ունեին եկեղեցիներ կամ աղոթատներ, կիրակնօրյա դպրոցներ, հոգևոր հովիվներ:

 

  1930-ից Խորհրդային Միության տարածքում հալածվեցին նաև Հայ Ավետարանական համայնքներն ու եկեղեցիները, որով էլ սահմանափակվեց նրանց գործունեությունը: Միայն մի քանի տեղերում շարունակվեցին գործել Հայ Ավետարանական եկեղեցիներ:

 

  1994թ. հուլիսի 1-ից, Հայ Ավետարանական եկեղեցին Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես վերագրանցվեց «Հայաստանյայց Ավետարանական եկեղեցի» անվանումով և ստացավ իրավաբանական անձի կարգավիճակ:

 

  Այսօր Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին ունի 11 հոգուց բաղկացած հոգևոր խորհուրդ, որը ղեկավարում է Հայաստանի և Արցախի Հայ Ավետարանական եկեղեցիների ընդհանուր ծառայությունները: Կան մոտ 30 եկեղեցիներ և աղոթատեղիներ, 30 հոգևոր առաջնորդներ, որոնց մի մասը ձեռնադրյալ հոգևոր հովիվներ են: