Մանրանկարչություն

 Մանրանկարչությունը, որպես կերպարվեստի բնագավառ, հայտնի է եղել հնագույն ժամանակներից, սակայն վերելք է ապրել Քրիստոնեության տարածումից հետո։ Մանրանկարչության հիմնական բնագավառներից մեկը գրքի ծաղկումն է, գրքարվեստը։

 Թերթերը տողելու, ուղիղ գծեր և խորաններ, շրջաններ, կամարներ ու լուսապսակներ գծելու համար գործածում էին քանոն ու կարկին, որոնցով զգուշորեն թեթև հետք էին թողնում մագաղաթի կամ թղթի վրա։ Դրանից հետո նկարիչը կարմիր ներկով (որդան կարմիր), ինչպես նաև մորենով կամ օքրայով ձեռքով գծում էր զարդանկարի հիմնական ուրվագիծը, ինչպես նաև նկարի այն մասը, որը ծածկվելու էր ոսկով։ Ի դեպ այդ մասերին քսում էին որևէ սոսնձող նյութ (սխտորի և այլ բույսերի հյութ, ձվի սպիտակուց), ապա ծածկում բարձր տեսակի ոսկու բարակ թերթերով։ Այնուհետև արդեն նկարը ծածկվում էր գուաշե ներկերով:

 

                                               

 

  Հայկական մանրանկարչությունն առանձնանում է ոճերի և դպրոցների բազմազանությամբ։ Ամենից շատ պատկերազարդվել են Ավետարանները, ապա Աստվածաշունչը և ծիսական-կրոնական մյուս ժողովածու-մատյանները։ Մեզ հասած առաջին մանրանկարները 6-7-րդ դարերի նմուշներ են։ «Մլքե թագուհու Ավետարանը», «Կարսի Ավետարանը», «Տրապիզոնի Ավետարանը» մեզ են հասել Բագրատունիների և Արծրունիների թագավորությունների շրջանից։

 Թեև մանրանկարչությունն անբաժան է ձեռագիր գրքից, սակայն ժամանակի ընթացքում այն ինքնուրույն զարգացում է ապրել և իր հարստության, ոճական բազմազանության, գունային առանձնահատկությունների շնորհիվ դարձել է ազգային արվեստի մի ինքնատիպ ճյուղ:

  Կրոնական թեմաներով աշխատանքների մեջ առանձնակի դեր ու նշանակություն ունեն գույները։ Գույների խորհուրդն իմանալով և դրանց ուշադրություն դարձնելով՝ կարող ենք հասկանալ, թե ովքեր են պատկերված և ինչ բովանդակություն ու գաղափար է արտացոլված աշխատանքում։   

 

                                             

 

  Կարմիրը զոհաբերության և հարության գույնն է։ Ներկայացնում է աստվածային ուժն ու զորությունը։ Ունի մաքրագործող և մեղքերին հարություն տվող նշանակություն։

 Կապույտը երկնային խաղաղության գույնն է։ Այն ցույց է տալիս աստվածային անհասանելիությունը, հավերժությունը, կատարյալն ու երկնայինը։ Կարմիրի կողքին կապույտն ամենից շատ գործածվող գույնն է։ Հիսուս Քրիստոսի հագուստը կարմիր-կապույտ գույներով է պատկերվում, քանի որ Նրա մեջ միավորվում են մարդկայինն ու աստվածայինը։

 Կանաչը ներկայացնում է կյանքն ու հույսը, խորհրդանշում է բնության և կյանքի զարթոնքը, Աստծուց մեզ տրված հավերժական կյանքը։ Կանաչի երանգներով հաճախ պատկերվում են զգեստները։ Մկրտության տեսարանը պատկերող մանրանկարներից մեկում, օրինակ, Հովհաննես Մկրտչի զգեստը մուգ կանաչ է։

 Ծիրանին արքայական գույն է։ Հաճախ գործածվում է Քրիստոսի և Մարիամ Աստվածածնի հանդերձները գունավորելիս։ Միջնադարի մեկնիչները ծիրանի ասելով  նկատի են ունեցել այն թանձր կարմիրը, որն ավելի շատ մոտ է կապույտին, քան նարնջագույնին։ Այն ստացվում է որոշ խխունջներից և ունի կապտավուն (մավի), արնագույն, (կարմիր), կանաչավուն, դեղնակարմրավուն երանգներ։

 Ճերմակը համարվում է Քրիստոսի գույնը, որովհետև Քրիստոսը մարդկությանը լուսավորեց մեղքի խավարից։ Սպիտակով են պատկերվում հարուցյալ Քրիստոսի զգեստները և հրեշտակները։

 Ոսկեգույնը խորհրդանշում է Աստծո արքայությունը։ Դեղինն աստվածային լույսի, իմաստության, ճշմարտության և փառքի գույնն է, սակայն երբ աղոտ ու անփայլ է, արտահայտում է դավաճանություն, եսասիրություն, ագահություն։ Սա մասնավորապես Հուդա Իսկարիովտացու գույնն է։

 Սևը մահվան, տգիտության, խավարի իշխանի գույնն է։ Այն հիշեցնում է չարի և դժոխքի հետ առնչվող ամեն ինչ։