Աստվածաշնչում շատ ճամփորդություններ են նկարագրվում. Աբրահամն Ուրից տեղափոխվում է Քանան՝ այնտեղ բնակություն հաստատելու, Հակոբը գնում է Եգիպտոս, իսրայելացիներն անցնում են անապատով և այլն: Սրանք Հին Կտակարանում գրի առնված ճանապարհորդություններից լոկ մի քանիսն են: Իսկ Նոր Կտակարանում Պողոսի և քրիստոնյա այլ առաջնորդների ճանապարհորդությունները որոշակի մանրամասնություններով գրի են առնված Գործք Առաքելոց գրքում:
Աստվածաշնչյան ժամանակաշրջանում շրջագայությունների մեծ մասը ոտքով էին կատարում: Ոչ բոլորը կարող էին բեռնակիր կենդանի պահել, և եթե նույնիսկ ընտանիքն էշ էր ունենում, ապա ընտանեկան ճամփորդության դեպքում որևէ մեկը ստիպված էր լինում ոտքով գնալ:
Չնայած անապատի քոչվորներն ուղտեր էին պահում, բայց և այնպես աստվածաշնչյան ժամանակների հիմնական բեռնակիր կենդանին էշն էր: Էշն ընտանի կենդանի է դարձել ձիուց կամ ուղտից շատ առաջ և միշտ էլ ամենատարածված հիմնական փոխադրամիջոցն է եղել:
Ձիեր պահում էին սովորաբար պատերազմի համար, քանզի նրանց կերակրելը թանկ էր՝ ուղտերի ու էշերի համեմատ և բացի այդ՝ ձիերը չէին կարողանում դրանց չափ բեռ կրել:
Առևտրականները ճանապարհի դժվարությունները հաղթահարելու, գողերից ու ավազակներից պաշտպանվելու համար ճամփորդում էին խմբերով, ուղտերի և էշերի քարավաններով։ Օրինակ՝ Հովսեփին վաճառում են ճանապարհորդող վաճառականների մի այդպիսի խմբի:
Հին Կտակարանի ժամանակաշրջանում անվավոր փոխադրամիջոցների գործածությունը սահմանափակ էր: Ձիերին լծված կառքերից օգտվում էր զորքը ու ազնվականները: Կառքերը կարող էին նաև հասարակական դիրքի նշան լինել: Բայց անբարեկարգ, նեղ, ծուռ ու մուռ, հաճախ ջրափոսերով ծածկված ճանապարհները սահմնափակում էին կառքերի գործածությունը: Ինչպես նշվում է՝ Աքաաբ թագավորը պետք է կառքով վերադառնար Հեզրայել, քանի դեռ անձրևը ճանապարհները ցեխի չէր վերածել:
Քաղաքների փողոցների մեծ մասը շատ նեղ էր: Ովքեր կարող էին, երթևեկում էին գահավորակներով: Գահավորակները շրջանակված օթոցներ էին, որի վարագույրները քողարկում էին ճանապարհորդին: Դրանք գամվում էին ձողերին, որոնք փոխադրում էին մարդիկ, երբեմն՝ ձիերը:
Աստվածաշնչյան ժամանակներում ծովային ճանապարհորդությունը շատ ավելի դժվար էր, քան ցամաքայինը: Միջերկրական ծովը նավարկության համար անվտանգ էր միայն տաք ամիսներին: Նոյեմբերից մինչև մարտ նավերը միմիայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում էին ծով դուրս գալիս:
Հին Կտակարանի ժամանակաշրջանի ծովագնաց մեծ ազգերը եգիպտացիներն ու փյունիկեցիներն էին: Նրանք ռազմանավեր ու առևտրանավեր էին կառուցում, որոնք նավարկում էին առագաստներով ու թիերով: Նավատորմ հիմնելու Իսրայելի միակ հաջող փորձն իրագործվում է Սողոմոնի թագավորության ոսկեդարում, այն ժամանակ, երբ Միջերկրական ծովի տիրակալը փյունիկեցիներն էին:
Նոր Կտակարանի ժամանակաշրջանում Պողոսի ճանապարհորդությունների մեջ եղել են ինչպես ծովային, այնպես էլ ցամաքային ուղևորություններ: Հռոմ կատարած նրա ճանապարհորդությունը, որ ներկայացված է Գործք Առաքելոցում, ընթերցվում է նավամատյանի պես՝ եղանակային պայմանների, ծովագնացության արվեստի և նույնիսկ ուղևորների ցանկի մանրամասնություններ: Դա ճամփորդության մասին հին գրականության մեջ հիշատակված ամենացայտուն պատկերներից մեկն է:
Հիսուսի ժամանակներում Միջերական ծովի տիրակալը Հռոմն էր: Ամռանը քամիները Եգիպտոսից նավերը հասցնում էին Իտալիա, իսկ անբարենպաստ եղանակներին ավելի հուսալի էր կարճ կամ ծովեզրյա նավարկությունը: Պողոսը ճամփոորդում էր սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին՝ անվտանգ երթուղով ընթացող և հացահատիկով բեռնված նավով: Երբ նավը ծովում վթարի է ենթարկվում, նավից դուրս են բերում բեռներն ու նույնիսկ նավասարքը և հետո՝ միայն արժեքավոր ցորենը: Նավի խորտակումից հետո Պողոսը Մալթայից Իտալիա է ուղևորվում Ալեքսանդրիայից դուրս եկած մեկ այլ նավով: