Երբևէ մտածե՞լ ես, որ դու կարող ես ավետաբեր հրեշտակ լինել: Ավետել (caroling) նշանակում է բարի լուր բերել ինչ-որ մեկին: Սուրբ Ծննդյան ավետիսն առաջին անգամ տվեց հրեշտակը՝ հայտնվելով Մարիամին. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծո մոտ շնորհ գտար: Ահա կհղիանաս և որդի կծնես ու Նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի, և Տեր Աստված Նրան կտա Իր հոր՝ Դավթի աթոռը. և Նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, և Նրա թագավորությանը վերջ չի լինի» (Ղուկաս 1. 30-33): Հաջորդ ավետումն արդեն Հիսուսի Ծննդից հետո է, երբ հրեշտակները հայտնվեցին դաշտում գտնվող հովիվներին. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա մեծ ուրախություն եմ ավետում ձեզ, որ ամբողջ ժողովրդին պիտի լինի: Որովհետև այսօր ձեզ համար Փրկիչ ծնվեց Դավթի քաղաքում, որ Քրիստոս Տերն է» (Ղուկաս 2.10-11):
Հետագայում մարդիկ, որպես օրինակ ունենալով հրեշտակների ավետումը, սկսեցին իրենք փոխանցել բարի լուրը: Ավետումն իր մեջ ընդգրկում է Սուրբ Ծննդյան երգեր, որոնք սովորաբար երգում են տոնի նախօրեին: Սուրբ Ծննդյան առաջին երգը գրվել է 4-րդ դարում՝ Հռոմում, որը մինչ օրս երգում են տարբեր եկեղեցիներում: Ի դեպ մինչև 12-րդ դարը Սուրբ Ծննդյան երգերն այդքան էլ տարածված չեն եղել, իսկ անգլիական Սուրբ Ծննդյան երգերը ի հայտ են եկել 1426 թ.-ից: Այն երգերը, որոնք այսօր մեզ հայտնի են Սուրբ Ծննդյան երգեր անունով, իրականում միջոցառումների ժամանակ երգած երգեր են, որոնք մարդիկ երգել են տնից տուն գնալով:
Այդ երգերը մեծ տարածում ստացան բարեփոխումներից հետո, երբ Բողոքական եկեղեցիները սկսեցին կարևորություն տալ փառաբանությանը և խրախուսեցին երգերը եկեղեցում: Սուրբ Ծննդյան ամենատարածված երգերը տարածում են գտել 19-րդ դարի երկրորդ կեսին: 1878թ. Չարլզ Ֆրայի ղեկաված փողային նվագախումբն առաջին անգամ կատարեց Սբ. Ծննդյան երգեր: Հետագայում որոշ եկեղեցիներում կային հատուկ երգչախմբեր, ովքեր տոներին երգում էին Սբ. Ծննդյան երգեր: Այսօր պահպանվել են մոտ 500 Սբ. Ծննդյան երգեր:
Ավետման սովորությունը տարիների ընթացքում զարգացավ և ձևավորվեցին հետաքրքիր ավանդույթներ: Օրինակ՝ Անգլիայում, Լեհաստանում, Ռումինիայում և Բուլղարիայում երգիչների փոքր խմբեր տնից տուն են այցելում, երգում են Սուրբ Ծննդյան երգեր, որի դիմաց ստանում են նվերներ, գումար, քաղցրավենիք: Հավաքված գումարն ամբողջությամբ օգտագործվում է բարեգործական նպատակով։ Իսկ Ավստրալիայում, Բելգիայում և Գերմանիայում Սուրբ Ծննդյան օրը երեխաները Երեք մոգերի կերպարանքն են ստանում: Սուրբ Ծննդյան գիշերը նրանք շրջում են տնից տուն, երգում են հոգևոր երգեր և կոչվում են աստղի երգիչներ (star singers):
Այն երկրներում, որտեղ ձմեռ չլինելու պատճառով Սուրբ Ծնունդը համընկնում է ամառվա շրջանի հետ, համերգները տեղի են ունենում բացօդյա։ Մարդիկ իրենց ձեռքին ունենում են փոքրիկ մոմեր և երգերի ընթացքում միանում են երգողներին: Այժմ ավետման այս սովորությունը շատ երկրներում եկեղեցիների կողմից լայն տարածում ունի: Մարդիկ փոքր խմբերով, հատուկ հագուստներով, այցելում են միմյանց, դռան մոտ երգում Սուրբ Ծննդյան երգեր և ասում. «Քրիստոս Ծնվեց և հայտնվեց: Մեզ և ձեզ մեծ ավետիս»:
Հայաստանում այս սովորությունը դեռ շատ տարածում չունի: Հուսանք, որ այն կմտնի նաև մեր մշակույթի և մտածողության մեջ: