Ինչպե՞ս են հաշվել օրերն ու ամիսները

  Այսօր մենք դժվարանում ենք պատկերացնել մեր օրն առանց օրացույցի և ժամացույցի: Բայց արի ու տես, որ մարդկության պատմության ընթացքում եղել է ժամանակ, երբ մարդիկ չեն գործածել մեր այսօրվա պատկերացրած օրացույցներն ու ժամացույցները: Այդ դեպքում ինչպե՞ս են իմացել, թե տարվա որ ամիսն է, որ օրն է, կամ էլ օրվա որ ժամն է: Պարզվում է՝ այս ամենն իմանալու համար օգտագործել են լուսատուները՝ արևը, լուսինն ու աստղերը:   

 

  Փաստորեն նախնադարում օգտագործվել է լուսնային օրացույց, որը սակայն տարեսկզբի արագ տեղափոխության պատճառով գործածության համար անհարմար է եղել՝ հատկապես գյուղատնտեսությամբ զբաղվող ժողովուրդների, այդ թվում նաև՝ հայերի համար: Այդպիսինների օրացույցը պետք է արտացոլեր տարվա եղանակները, գյուղատնտեսության այս կամ այն բնույթի աշխտանքի՝ հողի մշակման, ցանքի, բանջարանոցային և պտղա-հատապտղային մշակաբույսերի տնկման և տեղափոխման, բերքի հավաքման և այգում այլ աշխատանքների կատարման գոնե մոտավոր ժամկետը։   Եվ ահա բավականին վաղ շրջանից Հայկական լեռնաշխարհում լուսնային օրացույցը փոխարինվում է լուսնա-արեգակնային օրացույցով:

 

 

  Այսպիսով՝ լուսնա–արեգակնային տարին կազմված էր 12 ամսից՝ 30 – ական օրով, և լրացուցիչ 5 օրից: Ահա այդ ամիսները. 

Նավասարդ - 30 օր

Հոռի - 30 օր

Սահմի - 30 օր

Տրե - 30 օր

Քաղոց - 30 օր

Արաց - 30 օր

Մեհեկան - 30 օր

Արեգ - 30 օր

Ահեկան - 30 օր

Մարերի - 30 օր

Մարգաց - 30 օր

Հրոտից - 30 օր  

Ավելյաց - 5 օր

 

  Ինչպես տեսնում ենք՝ ամսանունները հիմնականում կապված են կամ աստվածների անունների, կամ էլ տարվա եղանակների ու գյուղատնտեսական աշխատանքների բնույթի հետ:  Օրինակ՝ «սահմի»-ն (սերմանց) սերմ ցանելու ամիսն է, իսկ «քաղոց»-ը քաղել բառից է: Այս օրացույցը շարժական է եղել, այսինքն ամիսները թափառել են տարբեր եղանակներում, և այժմ հայտնի չէ, թե անվանակոչման ժամանակ դրանք տարվա մեջ ինչպիսի դիրք են գրավել։

 

 Շաբաթվա գաղափարը հայկական արեգակնային օրացույցում հավանաբար մտել է շատ ավելի ուշ: Շաբաթվա օրերն անվանում են շաբաթվա մեջ ունեցած կարգով՝ բացի ուրբաթից («նախապատրաստվել») և շաբաթից («հանգիստ»)։ Իսկ կիրակին փոխարինել է միաշաբթիին՝ ի պատիվ Քրիստոսի Հարության, որը նշանակում է «Տիրոջ օր» կամ «Տերունական օր»: 

 

  Օրվա բաժանումները ևս տարբեր են եղել: Յուրաքանչյուր ժամ ունեցել է իր անվանումը, որոնց հիմքում ընկած է եղել օրվա տվյալ ժամանակամիջոցի լուսավորվածության աստիճանը: Այդ անվանումներից են, օրինակ, ցերեկային ժամերից՝ այգ, ցայգ, ծայրացյալ, ճառագայթյալ և այլն, իսկ գիշերվա ժամերից՝ խավարուկ, աղջամուղջ, մթացյալ և այլն: Այս բաժանումները, սակայն, այնքան էլ հարմար չէին, քանի որ եղանակների փոփոխության հետ փոխվում էր նաև ցերեկվա և գիշերվա տևողությունը: Այնպես որ ավել ուշ արեգակնային ժամացույցի կողքին հանդես են գալիս ավելի հարմար և համեմատաբար ճշգրիտ, այլ սկզբունքով աշխատող ժամացույցներ, ինչպիսիք են, օրինակ, ավազի, կրակի և ջրի ժամացույցները:

 

  Պետք է նշել, որ մինչ  1920 թ. Հայաստանում զուգահեռաբար գործածվել են հայկական և հուլյան օրացույցները, որոնց միաժամանակյա օգտագործումը մեծ դժվարություններ է առաջացրել: Հայաստանում Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Հայաստանը պաշտոնապես ընդունել է Գրիգորյան  անշարժ օրացույցը կամ Նոր տոմարը։

 

 

  Ըստ Հին տոմարի՝ տարվա միջին տևողությունը կազմում էր 365,25 օր։ Քանի որ հուլյան տարվա տևողությունը 11 ր 14 վրկ-ով ավելի է արևադարձայինից, ապա 128 տարվա ընթացքում կուտակված սխալը կազմում էր մի ամբողջ օր, իսկ մինչև 1582 թվականը տարբերությունը դարձել էր 10 օր։ Սխալն ուղղվեց 16-րդ դարում՝ Հռոմի Գրիգորիս XIII պապի ռեֆորմով, ըստ որի 1582 թվականի հոկտեմբերի 4-ին հաջորդեց հոկտեմբերի 15-ը։ Որոշվեց նաև նահանջ տարիների թիվը կրճատել այնպես, որ տարվա տևողությունը դառնա 365.2425 օր (հուլյան տարուց 10.8 րոպե պակաս), ինչը մեծ ճշտությամբ համապատասխանում էր իրական տարվա տևողությանը։ Փաստորեն՝ ամեն 400 տարվա մեջ ոչ թե 100 նահանջ տարի է լինում, այլ 97, քանի որ յուրաքանչյուր 4-ի վրա չբաժանվող հարյուրամյակը այդուհետ չի համարվում նահանջ տարի։ Ի դեպ, նահանջ տարին այն տարին է, որը պարունակում է ավել օր, շաբաթ կամ ամիս, որպեսզի պահպանի օրացույցային տարին։ Օրինակ՝ նահանջ տարիներին փետրվար ամիսն ունի ոչ թե 28, այլ 29 օր: Նահանջ տարին կրկնվում է չորս տարին մեկ։ 2016 թվականը նահանջ տարի էր։ Հաջորդ նահանջ տարին լինելու է 2020 թվականին։